Այս տարվա սկզբից ի վեր առաջին անգամ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի կինը, իր հայրենիքում հայտնի երգչուհի Լի Սոլ Չուն, հայտնվել է հանրության առջև՝ ամուսնու հետ միասին այցելելով ֆուտբոլի մրցախաղի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանց լուսանկարը ապրիլի 14-ին զետեղված է «Նոդոն սինմուն» կենտրոնական թերթի առաջին էջում:

 

«Մեր կուսակցության և ժողովրդի ղեկավարը, սիրելի ընկեր Կիմ Չեն Ընը ընկեր Լի Սոլ Չուի հետ միասին տեղ է զբաղեցրել նախագահական տրիբունայում»,- գրում է թերթը:

 

Ինչպես նշում է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը, վերջին անգամ Լի Սոլ Չուին հանրության մեջ տեսել են դեկտեմբերի 17-ին՝ Կիմ Չեն Ընի հոր՝ երկրի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի հոգեհանգստի արարողությանը:

 

Կիմ Չեն Ըն և Լի Սոլ Չու զույգը ներկա է եղել մրցախաղին, որն ապրիլի 13-ին անցկացվել է Փենյանի մարզադաշտում պետական տոնի՝ «Արևի օրվա» նախաշեմին, ինչպես ԿԺԴՀ-ում անվանում են երկրի առաջին նախագահ Կիմ Իր Սենի՝ ներկայիս ղեկավարի պապի ծննդյան օրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: