Moody's վարկանիշային գործակալությունը նորացրել է Ադրբեջանի գծով 2015 թվականի համար տնտեսական կանխատեսումը, որում ներառվել են տնտեսական աճի, արժեզրկման ցուցանիշները եւ Ադրբեջանի բյուջետային հաշվեկշռի կանխատեսումը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ Moody's-ի, Ադրբեջանում ՀՆԱ-ի աճը 4,3 տոկոսից իջեցվել է 1 տոկոսի, արժեզրկման մակարադակը 3,9 տոկոսից մեծացվել է 9 տոկոս: Moody's-ը 2015 թվականի համար ՀՆԱ-ի նկատմամբ Ադրբեջանի պետբյուջեի դեֆիցիտը նախկին 10 տոկոսի փոխարեն կանխատեսում է 1,8 տոկոս:

 

Նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով վերջին ամիսներին Ադրբեջանի ազգային արժույթի' մանաթի 34,6 տոկոսով արժեզրկվելու պատճառով Ադրբեջանում տնտեսական ճգնաժամ է սկսվել: Վերջին երեք ամիսների ընթացքում Ադրբեջանի կենտրոնական բանկը մոտ 6 մլրդ դոլար է ծախսել մանաթի փոխարժեքը պահպանելու վրա:

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 41 դոլարով ցածր է: