Վերջին շաբաթվա իրադարձությունները քաղտեխնոլոգները Հայաստանի հաջողված PR-ի լավագույն փորձ են համարում: Ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, խոսելով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելի դարձնելու միջոցառումների մասին, նշեց, որ այն, ինչ արվում է արտաքին լսարանի համար, ավելի հաջողված է, քան ներքին լսարանին ուղղվածը: «Առաջին հերթին' Հռոմի պապի պատարագն է, որն ո ւնի ոչ միայն եկեղեցական, այլև քաղաքական նշանակություն: Կարծում եմ' հետագայում դրա արձագանքներն ավելի բարձր կլսենք:
Հայաստանի որպես բրենդի ճանաչման և Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելու առումով Քիմ Քարդաշյանի և ամուսնու այցը հաջողված PR ակցիա էր: Ներսի թիրախային խմբի առումով չեմ կարծում, որ կրեատիվ մոտեցումներ են եղել, և ինչ-որ լուրջ արդյունքներ ունենք այդ առումով: Ամեն ինչ ավելի ֆորմալ բնույթ է կրում: Կարծում եմ, որ ցանկացած ակցիա, որ իրականացվում է, պետք է հետաքրքիր լինի մարդկանց համար, այդ թվում' երեխաների: Այդ իմաստով' հաջողված եմ համարում այն, որ դպրոցականներն Անմոռուկներ են պատրաստում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքով' կարևոր է, որ Հայաստանը կարողացավ օգտագործել քարոզչական զենքը և իր մասին հիշեցնել:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկմամբ էլ' վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ այն, ինչ երևի թե վերջին 25 տարում ու, եթե ոչ ավելի, չէր եղել: «Այն, ինչ արվեց պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով, մեծ արձագանք կունենա հետագայում: Շատ լուրջ երևույթ է, երբ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք և 3 միլիոնին մոտ բնակչություն ունեցող պետության մասին ամբողջ աշխարհը սկսեց խոսել»,-ասաց Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգները, սակայն, շեշտեցին, որ պետք են համակարգված գործողություններ, որպեսզի սկսած գործն ապարդյուն չանցնի ու տա ճանաչելիության արդյունքները: «Եթե մենք հարյուրամյակից հետո մոռացանք ու չարեցինք Հայաստան բրենդի ճանաչմանն ուղղված գործ, բնականաբար, դա կմոռացվի ժամանակի ընթացքում»,-նշեց Կարեն Քոչարյանը:
Իսկ հարցին ի պատասխան, թե ինչ շոշափելի արդյունքներ կգրանցի Հայաստանը վերջին շրջանի իրադարձություններից հետո, Կարեն Քոչարյանը նշեց. «Ասել, որ Բրիտանիայի կամ Միացյալ Նահանգների պառլամենտները, Կոնգրեսը, Սենատը վաղը չէ մյուս օրը կընդունեն Հայոց ցեղասպանությունը, քանի որ 77 միլիոն հետևորդ ունեցող Քիմ Քարդաշյանը եկել է Հայաստան, տրամաբանական չէ: Պարզ է, որ չի լինելու այդպիսի բան: Բայց եկեք չմոռանանք, որ 77 միլիոնի մեծ մասը ենթադրվում է, որ դեռահասներ են կամ երիտասարդ, հետո իրենք այդ երկրներում դառնալու են հարց լուծող: Նրանք այսօր իմացան, որ կա Հայոց ցեղասպանություն»:
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բկաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկներիպատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդդարում տեղի է ունեցել ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:
Ապրիլի 8-12-ը Հայաստանում էր ամերիկյան աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի հետ: Մինչ Հայաստան ժամանումը, միջազգային պարբերականներից մեկն այն անվանել էր ուխտագնացություն դեպի պատմական հայրենիք: Քիմ Քարդաշյանին ու նրա ընտանիքի անդամներին օդանավակայանում դիմավորեցին ավանդական աղուհացով, հաջորդ օրը նրանք հյուրընկալվեցին ՀՀ կառավարությունում, եղան Մայր Հայաստան հուշահամալիրում, Գեղարդի վանքում, Ծիծեռանակաբերում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այցելեցին Գյումրի, հյուրընկալվեցին իրենց բարեկամներին, եղան երևանյան հուշանվերների խանութում: Իսկ այցն ամփոփվեց Քիմի ամուսնու' աշխարհահռչակ ռեփ-երգիչ Քայնե Ուեսթի Կարապի լճի տարածքում անակնկալ համերգով: Քարդաշյանների այցը Հայաստան լուսաբանեցին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները, ինչը փորձագետների բնորոշմամբ, Հայաստանի համար ապահովեց միլինավոր դոլարների գովազդ: