Շիրակի մարզում շարունակվում են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Մարզի Մեծ Մանթաշ համայնքում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար է տեղադրվել:
Ապրիլի 14-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մասնակցեց հուշաքար-խաչքարի բացման արարողությանը: Խաչքարը տեղադրվել է համայնքի բնակիչների և անձամբ համայնքի ղեկավար Ստյոպա Չոբանյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ« հեղինակը գյումրեցի քանդակագործ Աշոտ Ֆարմանյանն է:
Խորհրդանշական էր, որ խաչքարի բացման պատիվը տրվեց գյուղի Մեծ եղեռնը վերապրած Հմայակ Հարությունյանի ծոռներին' Ելենա և Հենրիկ Հարությունյաններին: Տերունական աղոթքից և ելույթներից հետո ծաղիկներ և ծաղկեպսակ դրվեցին հուշակոթող-խաչքարին: Հուշակոթողի հարևանությամբ ներկաները եղևնիներ տնկեցին:
Արմենուհի Մխոյան