Անձնական վկայությունները և գիտական ուսումնասիրությունները որևէ կասկած չեն թողնում, որ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը, որը սկսվել է 100 տարի առաջ, եղել է Ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Financial Times-ում հրապարակված «Հայերի ցեղասպանությունը. մահ և ժխտում» խորագիրն ունեցող հոդվածում գրել է պարբերականի միջազգային բաժնի խմբագիր Դավիդ Գարդները:
Նա փաստում է, որ Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի՝ նախորդ շաբաթ արած հայտարարությունն իսկական դիվանագիտական սկանդալի պատճառ դարձավ Թուրքիայում:
Գարդները նշում է, որ ժխտողական պատմությունը փաստում է, որ կոտորածներ իրոք եղել են, սակայն դրանք տեղի են ունեցել պատերազմական միջավայրում: Հեղինակը գրում է, որ պատերազմից հետո Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հանրապետությունը հիմնվեց հայերից, ինչպես նաև ասորիներից և հույներից դատարկված տարածքների վրա:
«Օսմանյան կայսրության հայ 1.5 միլիոն բնակիչ անհետացավ: Այնուհետև նրանք ավելի լայնամասշտաբ ձևով հանվեցին պատմության դպրոցական դասագրքերից, և պարտադրված մոռացությունն ավելի ամրապնդվեց օսմանագետների առաջ քաշած լռության պատի հետևանքով»,- գրում է հեղինակը: Մեջբերելով հայերի մասին Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքերը՝ նա ընդգծում է այդ խոսքերը ցեղասպանության նկատմամբ ամնեզիայի իրական արժեքն են ցույց տալիս:
Գարդները նշում է, որ միայն վերջին տարիներին են Թուրքիայում հնարավոր դարձել քննարկումներ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ:
Հեղինակը գրում է, որ թեպետ այսօր Թուրքիայում կարելի է գտնել գրքեր, որտեղ կատարվածը որակվում է որպես «ցեղասպանություն», սակայն որևէ պաշտոնական ճանաչում մինչ օրս չկա: