Սիցիլիական նեղուցում լույս ապրիլի 19-ի գիշերը խորտակված նավի վրա կարող էր լինել շուրջ 950 մարդ, այդ թվում՝ 40-50 երեխա եւ 200 կին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իտալիայի Կատանիա քաղաքի (Սիցիլիա կղզի) դատախազությունում հայտարարել է փրկվածներից մեկը՝ Բանգլադեշի քաղաքացին:

 

Նավաբեկության փաստով հետաքննություն է սկսվել: Ավելի վաղ հաղորդվել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Իտալիայի Լամպեդուզա քաղաքից 200 կիլոմետր հարավ ընկած շրջանում:

 

Ձկնորսական նավը մեկնել էր Լիբիայի Տրիպոլի նավահանգստից: Դրա վրա եղել են Ալժիրի, Եգիպտոսի, Սոմալիի, Նիգերիայի, Սենեգալի, Մալիի, Զամբիայի, Բանգլադեշի եւ Գանայի բնակիչներ:

 

Առայժմ փրկարարա-որոնողական գործողության մասնակիցներին հաջողվել է հայտնաբերել 24 զոհվածների մարմիններ, եւս 28-ին հաջողվել է փրկել: Ավելի վաղ հաղորդվել էր անհայտ կորած ավելի քան 700 անօրինական գաղթականների մասին:

 

Ինչպես հայտնել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, որոնողական գործողությանը մասնակցում է 18 նավ, ներառյալ Իտալիայի ռազմածովային ուժերի յոթ նավ: Բացի այդ, որոնումներում ներգրավված են երեք ուղղաթիռ եւ առափնյա պահպանության ծառայության թեթեւ ինքնաթիռ:

 

Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը պաշտպանել է անօրինական ներգաղթի խնդիրներին նվիրված ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողով հրավիրելու Իտալիայի վարչապետի առաջարկը:

 

«Մենք իրավունք չունենք անտարբեր մնալ հազարավոր մարդկանց ողբերգությանը, որոնք փախչում են իսլամիստ ահաբեկիչներից»,- ասել է Ռախոյը: «Դրանից օգտվում է մաֆիան, որը փող է դիզում փախստականների դժբախտության վրա»,- նշել է նա:

 

Իր հերթին Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները ապրիլի 20-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հերթական հանդիպմանը քննարկելու են աֆրիկացի գաղթականներին փրկելու խնդիրը:

 

«Ապրիլի 20-ին մենք կանցկացնենք արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարների հանդիպում՝ նվիրված միգրացիային»,- հայտարարել է նա:

 

ՏԱՍՍ-ի աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ այդ բանավեճի ընթացքում պլանավորվում է, մասնավորապես, «քննարկել միգրացիային նվիրված ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողով գումարելու հնարավորությունը», որն անցկացնելու կոչով արդեն հանդես է եկել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

 

Ներկայում Եվրոպայի հարավում բարդ միգրացիոն իրադրություն է ստեղծվել: Հայտնի է, որ միջին հաշվով օրական միայն Իտալիա ծովով ժամանում է մինչեւ 500 մարդ:

 

2014 թվականին, ԵՄ-ի սահմանների պահպանության եվրոպական գործակալության՝ Frontex-ի գնահատումներով, գաղթականների ներհոսքը կազմել է 170 հազար մարդ: Ընդ որում հազարների է հասնում նրանց թիվը, ովքեր զոհվել են գերբեռնված նավերով Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս: