ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 20-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Խորհրդակցության սկզբում նախարարը ներկայացրել է ՀՀ ՏԿԱԻ նախարարի նոր գլխավոր խորհրդականին՝ Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոնի տնօրեն Սմբատ Պետրոսյանին:

 

ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը զեկուցել է մարզեր կատարած այցերի արդյունքների մասին: Նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը զեկուցել է մարզերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:

 

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 328 դեպքի: Զեկուցվել է նաև պատանի հրշեջ-փրկարարների 3-րդ հանրապետական մարզական առաջնության մասին:

 

ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցել է տեսչության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման մասին: «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է ՀՀ տարածքում լուսադեմին գրանցված երկրաշարժի մասին: Նախարարին զեկուցվել է նաև մարզերում անցկացվող աշխատանքների մասին:

 

ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին:

 

Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրել է շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած օտարերկրյա քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:

 

ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Կ. Ոսկանյանը ներկայացրել է ակադեմիայի աշխատանքները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 22-ին նախատեսվում է ակադեմիայի ուսանողների բեմադրության առաջնախաղը՝ «Հիշում եմ և պահանջում» խորագրով: Կ. Ոսկանյանը զեկուցել է նաև ՏԿԱԻՆ մշակույթի կենտրոնի սաների ցուցահանդեսի կազմակերպման մասին:

 

Խորհրդակցության վերջում Ս. Պետրոսյանը ներկայացրել է ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության միասնական տեղեկատվական համակարգը: