Հայկական ունեցվածքի վերադարձի հարցը հենց այսօր էլ կարող է դրվել թուրքական դատարաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ իրավաբանների միության գործադիր մարմնի ավագ անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ Արևմտյան ափի հանձնաժողովի համանախագահ Կարո Ղազարյանը:
-Պարո´ն Ղազարյան, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը նշանավորվեց նաև նրանով, որ տարբեր մակարդակներում ավելի շատ է խոսվում պահանջատիրության մասին: Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում ապահովագրական վճարումների հետ կապված ի՞նչ դատական գործընթացներ կան ներկայումս ԱՄՆ-ում: Դուք ներառվա՞ծ եք դրանցից որևէ մեկում:
-Ես մասնագիտացած եմ քրեական իրավաբանության ոլորտում, սակայն իմ ազգային գործունեության շրջանակներում հետևում և մասնակցում եմ Հայկական հարցին առնչվող գործընթացներին: Ապահովագրական ընկերությունների դեմ հարուցված գործերի տեսանկյունից վերջինը «Մովսիսյան» կոչվող գործն էր, որը, ցավոք սրտի, ԱՄՆ դատարանը քաղաքական հարց համարեց, քանի որ գործում կային Հայոց ցեղասպանություն բառերը, և այն դուրս մղվեց դատական գործընթացից:
Մյուս կողմից, պահանջատիրությունը վերջապես իր ճիշտ տեղն է գտնում մեր բառապաշարում, և արդեն ժամանակն է առաջ գնալ' անցնելով գործնական քայլերի: Այս առումով ես կարծում եմ, որ սփյուռքն ու Հայաստանը միմյանցից առանձնացնելը սխալ է: Գոյություն ունի Հայկական հարց, հայկական ունեցվածքի կորստի վերապահանջի հարց, և մենք պետք է միասնական լինենք այն լուծելու համար: Եթե անգամ հայկական պետականությունը որոշ հարցերում վերապահումներ ունի, ապա Սփյուռքի 7 մլն հայերը պետք է հետամուտ լինեն դրան: Օրինակ, ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ հայկական ունեցվածքի վերադարձի հարցը հենց այսօր էլ դրվի թուրքական դատարաններում: Որովհետև ամենալավ արդյունքը մեզ համար կլինի հայցի բավարարումը, իսկ դրանից լավ արդյունքը' մերժման հետևանքով եվրոպական դատարան հասնելը: Այս դեպքում արդեն ցեղասպանության հարցը չի կարող դիտվել քաղաքական հարց և արգելվել, ինչպես եղավ Միացյալ Նահանգների պարագայում:
-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի մեր պահանջատիրությունը:
-Երբ ասում ենք' «Հիշե´նք և պահանջե´նք», պետք է իմանանք, թե ինչ ենք պահանջումˋ կորսված գույքի վերադարձ, փոխհատուցում, թե արդարություն: Արդարություն պահանջելու համար պետք է ամրապնդել արդարությունը մեր հայրենիքում: Միայն այդպես, ինչպես նաև խթանելով հայապահպանման գործընթացը սփյուռքում, մենք կարող ենք կերտել ապագա, որում կլինի մեր պահանջատիրությունը:
Պահանջատիրության ֆինանսական կողմը միաժամանակ և´ դյուրին է, և´ բարդ: Հայաստանի արխիվներից քաղված եռահատոր մի գրքում վերջերս գտա 1915-1916 թվականներին ցեղասպանության առաջին երկու տարիների վերապրածների վկայությունները, որոնցում նշվում էր, թե առանձին անհատներ որտեղից են սերում և հայերին պատկանող քանի կով, տուն, եկեղեցի և դպրոց կար իրենց գյուղում: Այսօր դժվար չէ գնահատել այդ գույքի արժեքը, և համապատասխան հատուցում պահանջել: Սակայն կան որոշ արժեքներ, որոնք եզակի են և համարժեք գումար բնորոշելն անհնար է: Պարզ է, որ Արարատը մեկն է: Արարատի փ ոխարեն ինչ կարող ենք ստանալ, որ համարժեք լինի: Այս դեպքում պետք է վերականգնվեն տուժող կողմի իրավունքներն ու լիազորությունները նախքան ոճրագործությունը: Այսինքն, վերադարձնել հողը, սարը: Հիմաˋ որքանով իրատեսական է այս ամենը: Իդեալիստական շատ գաղափարներ, եթե իրատեսական մոտեցում ես ցուցաբերում և աշխատում դրանց վրա, դառնում են իրականություն: Մեր պահանջատիրությունն իրականություն դարձնելը, կյանքի կոչելը մեր ժառանգական պարտավորությունն է: Պետք է պահանջ դնել և երբեք չհրաժարվել:
-Անդրադառնանք ԱՄՆ-ում կայանալիք հիշատակի միջոցառումներին: Արդեն առանձին նահանգներում և քաղաքներում իրականացվում են բազմաթիվ ոգեկոչման և հիշատակի արարողություններ, ի՞նչ լայնածավալ միջոցառումներ է ծրագրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ձեր հանձնաժողովը:
-Նախ ուզում եմ նշել, որ քաջալերում եմ բոլոր ձեռնարկները, լինեն դրանք Հայաստանում, թե սփյուռքի հայկական համայնքներում' իմ ծննդավայր Լիբանանից մինչև Լոս Անջելես, ուր բնակվում եմ հիմա: Համայնքների ունեցած հնարավորություններից կախվածˋ այդ միջոցառումները լայնածավալ են կամ ոչ այնքան լայնածավալ բնույթ ունեն, սակայն հիմնական նպատակն է ուսուցանել և իրազեկել օտարազգիներին մեր հարցի մասին:
Մեր հանձնախումբը Լոս Անջելոսում ապրիլի 24-ին մեծ քայլարշավ է կազմակերպելու, որին ակնկալում ենք, որ կմասնակցի 100 հազարից ավելի մարդ: Այս տարի որոշել ենք միացնել երկու ակցիաներ, որ ամեն տարի կազմակերպվում էին մեր քաղաքումˋՀոլիվուդի Փոքր Հայաստանի շրջանից ամեն տարի մեկնարկող քայլարշավը և Հայ հեղափոխական դաշնակցության ամենամյա բողոքի ցույցըˋ Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց:
Տարբեր ազգերի ներկայացուցիչներ, հայ և մյուս ազգերի համայնքի առաջնորդներ, ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, Կալիֆորնիայի ազգային խորհրդի ներկայացուցիչներ, քաղաքապետեր, հայկական դպրոցների աշակերտներն ու նրանց ծնողները, 100-րդ տարելիցի հանձնախմբի 19 կազմակերպությունները, ավանդական երեք կուսակցությունները, 62 հայրենակցական միություններ կմասնակցեն 10 կմ երկարությամբ քայլարշավին: Մենք նաև հրավերներ ենք ուղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչած 20-ից ավելի երկրների հյուպատոսներին: Իրավական պատճառներով չեմ կարող նշել այն անվանի և հանրածանոթ մարդկա նց անունները, ովքեր նույնպես ներկա են լինելու: Քայլարշավի ընթացքում մենք կանգ կառնենք և փոքր ելույթ կունենանք CNN-ի շենքի դիմաց:
Խորհրդանշական է ապրիլի 25-ին Մոնթեբելոյի հուշարձանի բացումը, որը ցույց կտա, որ ապրիլի 24-ից հետո էլ մենք շարունակում ենք մեր պայքարը: Իսկ ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում տեղի կունենա Գլենդելի քաղաքապետարանում: Ապրիլի 29-ին նախատեսվում է Էրիկ Պողոսյանի «Նեմեսիս գործողություն» գրքի ընթերցումը:
Բացի այդ, ամենամնայուն գործը, որ մենք անում ենքˋ Հայկական պատմական թանգարանի կառուցման աշխատանքներն են: 60 հազար քառակուսի ոտնաչափ մակերեսով տարածք ձեռք բերելու ուղղությամբ արդեն բանակցություններ ենք վարում Գլենդելի քաղաքապետարանի հետ: Թանգարանի մոտ ծրագրում ենք կառուցել հուշարձան, իսկ թանգարանում կցուցադրվի հայ ժողովրդի 5000-ամյա պատմությունը, Հայոց ցեղասպանության դրվագներ և հայ ժողովրդի վերածնունդը: