ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այն կարծիքին Է, որ ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը չի ազդի Թուրքիայի հետ Մոսկվայի փոխհարաբերությունների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

«Տվյալ դեպքում այդ միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես ինչ-որ բանի վնասող»,-հայտարարել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում չեն զգուշանում արդյոք, որ Երեւան Պուտինի առաջիկա այցը կարող Է վնասել «Թուրքական հոսք» խողովակաշարի կառուցման հեռանկարներին:

 

«Մենք Թուրքիայի Հանրապետության հետ ունենք շատ սերտ գործընկերային հարաբերություններ, խորացած գործընկերության հարաբերություններ, որոնք տնտեսական փոխշահավետ համագործակցության շատ ամուր հիմք ունեն,-պարզաբանել Է Պեսկովը:- Համաշխարհային բազմաթիվ խնդիրների շուրջ մեր դիրքորոշումները համընկնում են»:

 

Ընդսմին Կերեմլի ներկայացուցիչն ընդգծել Է, որ «միաժամանակ Հայաստանը մեր հարեւանն Է, երկիր, որի հետ մեզ անթիվ-անհամար տարբեր թելեր են կապում»: Պեսկովն ասել Է, թե խոսքը վերաբերում Է նաեւ հետագա ինտեգրացման հեռանկարներին, ԵԱՏՄ-ին անդամակցելուն: