Հայկական ազգային մտածելակերպն ինձ ուժ է տվել բարձունքների հասնել այս կյանքում: Ես միշտ Հայաստանի կողքին եմ: Դա այն է, ինչ ես արել եմ, անում եմ ու անելու եմ: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Գավաթակիրների Գավաթի և Ուեֆայի Գավաթի հաղթող, պատմության ամենահայտնի հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը:

-Պարոն Ջորկաեֆ, աշնանը Դուք ասացիք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պատրաստվում եք այցելել Հայաստան: Ապրիլի 24-ին կլինե՞ք Երևանում:

-Իմ օրակարգը դեռ լիովին կազմված չէ, բայց ես անում եմ ամեն բան, որպեսզի ապրիլի 24-ին լինեմ Երևանում:

- Դուք աշխարհի ամենահայտնի հայերից մեկն եք, միշտ հպարտությամբ պատմում եք Հայաստանի մասին, բայց միայն կիսով չափ եք հայ: Ինչո՞վ եք բացատրում Ձեր այդքան կապվածությունը Հայաստանի հետ:

- Արյամբ ես հայ եմ: Ծնողներս ծնվել են Ֆրանսիայում, տատիկս ու պապիկս՝ Հայաստանում: Ես մեծացել եմ Լիոնում, որտեղ կա հայկական մեծ համայնք: Մենք մեծացել ենք հայկական միջավայրում, դաստիարակվել հայկական փիլիսոփայությամբ և շատ երջանիկ էինք: Ինձ միշտ շատ հաճելի է խոսել իմ հայրենիքի մասին: Շատ հպարտ եմ, որ իմ մեջ հոսում է հայկական արյուն և որ ծնվել եմ Ֆրանսիայում:

-Ասում են՝ պետք չէ խառնել սպորտը քաղաքականության հետ, բայց Դուք առաջիններից էինք, որ սպորտի միջոցով ցույց տվեցիք Ձեր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ: Առաջին անգամ 1994-ին, երբ գրավեցիք թուրքական «Գալաթասարայի» դարպասը, ասացիք, որ դա Ձեր պատասխանն է Հայոց ցեղասպանությանը, իսկ հետո էլ 2000-ին հրաժարվեցիք մասնակցել Թուրքիա-Ֆրանսիա ընկերական հանդիպմանը: Ստացվում է՝ սպորտը մեծ ուժ է իրենից ներկայացնում:

Սպորտը մարդկանց միավորելու ամենամեծ ուժն է: Եթե ցանկանում եք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարցեր լուծել, ապա դա կանի ֆուտբոլը: Իսկ եթե խնդիրներ էլ մնան, ապա միայն խաղադաշտի շրջանակում: Մենք պետք է ավելի մեծ տեղ տանք սպորտին: Հայաստանի ազգային հավաքականը լավ դեսպան է այս հարցում: Երբ Հայաստանը հիանալի հանդես եկավ Դանիայում, կամ Իռլանդիայում ու Պորտուգալիայում, մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե ինչ երկիր է Հայաստանը: Ես ինքս հրաժարվեցի խաղալ Թուրքիայում: Դա իմ որոշումն էր, իմ բողոքը: Ցանկանում էի, որ ոչ միայն ես, այլ մյուս բոլոր մարդիկ մտածեին այն մասին, թե ինչ է եղել հայերի հետ: Իսկ մարդկանց կարծիքի վրա յուրաքանչյուր հայ կարող է ազդել՝ ամեն օր օգտակար բան անելով այդ ուղղությամբ:

-Չենք կարող չխոսել նաև ֆուտբոլի մասին: Հավանաբար գիտեք, որ հայ երկրպագուների մեծամասնությունը երազում է, որ Դուք գլխավորեք Հայաստանի հավաքականը: Ի՞նչ պայմանների դեպքում Դուք կհամաձայնեք այդ առաջարկին:

-Ես նույնպես երազում եմ մի օր գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Բայց դա իմ ձեռքում չէ: Եթե վաղը ես այդպիսի հրավեր ստանամ, լուրջ կմտածեմ այդ ուղղությամբ:

-Հետևում եք Հայաստանի ազգային հավաքականի խաղերին: Ո՞ւմ կառանձնացնեք մեր թիմում:

-Այո, հետեւում եմ: Գիտեմ Յուրա Մովսիսյանին, նրա հետ հանդիպել ենք ԱՄՆ-ում: Մխիթարյանին գիտեմ: Մենք ունենք լավ ֆուտբոլիստներ, աճել է շատ լավ սերունդ, պետք է գնահատել դա: Հայաստանը փոքր երկիր է: Միշտ չէ, որ հաջողվում է ունենալ տաղանդավոր սերունդ եւ մենք իրավունք չունենք բաց թողել Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն դուրս գալու յուրաքանչյուր հնարավորությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում