Սպիտակ տան պաշտոնյաները որոշել են, որ նախագահ Օբաման չի գործածի «ցեղասպանություն» բառը ուրբաթ օրը ջարդերի 100-րդ տարելիցին զոհերի հիշատակի ոգեկոչման ժամանակ բնութագրելու համար Օսմանյան թուրքերի կողմից ավելի քան 1 մլն հայերի սպանությունները: Այս մասին գրում է The Los Angeles Times-ը:

 

Երեքշաբթի ամերիկահայ խմբերի հետ հանդիպման ժամանակ հայտարարված որոշմամբ Օբաման հետ է կանգնում նախկինում իր տված խոստումից:

 

«Որպես նախագահ՝ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»,- ասել էր Օբաման 2008 թվականի ընտրարշավի ժամանակ:

 

«Ցեղասպանություն» եզրի չգործածման նրա որոշումն առաջացրելէ ակտիվիստների զայրույթը:

 

«Նախագահի անձնատվությունն իրենից ներկայացնում է ազգային խայտառակություն»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Դա ճշմարտության և վստահության դավաճանություն է»:

 

Սպիտակ տան պաշտոնյաները պաշպանել են այդ որոշումը որպես անհրաժեշտություն՝ պահպանելու համար ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ մերձավորարևելյան հակամարտությունների հարցերով համագործակցության հնարավորությունը:

 

Թուրքական դեսպանատունը, որը միլիոնավոր դոլարներ է ծախսել այդ խնդրով կոնգրեսական լոբբինգի համար, չի պատասխանել մեկնաբանման խնդրանքին: Թուրքական կառավարությունը հայտարարել էր, որ զանգվածային սպանությունները չեն համապատասխանում ցեղասպանության իրավական սահմանմանը, և ԱՄՆ-ի կողմից եզրույթի կիրառումը սխալ կլինի: Կոնգրեսի որոշ անդամներ նույնպես նախազգուշացրել են, որ փոփոխությունն ամերիկյան պաշտոնական հիշատակության մեջ կարող է վնասել ԱՄՆ արտաքին քաղաքականությանը:

 

Կալիֆոռնիան ունի ծագումով հայերի ամենամեծ բնակչությունը երկրում. համաձայն ԱՄՆ մարդահամարի տվյալների՝ ավելի քան 200 հազար հայ է բնակվում Լոս Անջելեսի շրջանում:

 

Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Բըրբենքից), ով առաջնորդել է Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչման ջանքերը, ասել է, որ «խորապես հիասթափված է որոշումից»:

 

«Խորապես հիասթափված եմ, որ ԱՄՆ նախագահը 1.5 մլն հայերի կոտորածը կրկին չի բնութագրի որպես ցեղասպանություն: Որքա՞ն երկար պետք է զոհերը և նրանց ընտանիքները սպասեն, որ մեր ժողովուրդը համարձակություն ունենա դիմակայելու Թուրքիային Օսմանյան կայսրության հանցավոր անցյալի մասին ճշմարտության միջոցով: Եթե ոչ այս նախագահը, ով այդքան գեղեցիկ և ոգևորությամբ խոսում էր անցյալում, ապա էլ ո՞վ: Եթե ոչ 100 տարի անց, ապա էլ ե՞րբ»,- ասել է նա հայտարարության մեջ:

 

Ամերիկահայ խմբերի հետ հանդիպումից հետո Սպիտակ տան պաշտոնյաները տարածել են հայտարարություն, որում չի կիրառվում «ցեղասպանություն» բառը: Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բերնադետ Միհանի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն կօգտագործի կոտորածների մեկնարկի տարելիցը՝ կոչ անելու «փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչման, որը մենք հավատում ենք՝ բխում է բոլոր կողմերի շահերից»:

 

Վարչակազմի ավագ պաշտոնյան, ով խոսել է անանունության պայմանով, մեկնաբանելով դիվանագիտորեն նուրբ հարցը՝ ասել է, որ Սպիտակ տունն սպասում է, որ Օբաման կնշի Մեծ եղեռնի (ինչպես հայերենում հայտնի են ջարդերը) պատմական կարևորությունը:

«Մենք գիտենք ու հարգում ենք, որ կան ոմանք, ովքեր հույս ունեն լսելու այս տարի այլ լեզու: Մենք հասկանում ենք նրանց տեսակետը»,- ասել է պաշտոնյան:

Սակայն պաշտոնյան հավելել է, որ անցած տարիներին իրենց ընդունած մոտեցումը մնում է ճիշտ՝ և անցյալը ճանաչելու, և ներկայումս կյանքեր փրկելու նպատակով տարածաշրջանային գործընկերների հետ աշխատելու իրենց ունակության առումով, և որ վկայակոչումն ԱՄՆ կողմից Թուրքիայի հետ համագործակցության հույս ունի, մասնավորապես, Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հարցում:

 

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը երեքշաբթի կեսօրին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և կոչ է արել նրան «կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու և նպաստելու 1915-ի վայրագությունների վերաբերյալ Թուրքիայում բաց և անկեղծ երկխոսությանը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

 

Համբարյանն ասել է, որ ինքն ու այլ ամերիկահայ առաջնորդներ իմացել են նորության մասին Սպիտակ տանը հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս ՄաքԴոնոն և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:

 

Հանդիպման ժամանակ, որը տևել է մեկ ժամից քիչ, խմբին ասվել է, որ ԱՄՆ-ն այս շաբաթ Հայաստան կուղարկի պատվիրակություն` ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի գլխավորությամբ:

 

Պատվիրակության կազմում կլինի նաև Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփայերը (դեմոկրատ, Հիլսբորո, Կալիֆոռնիա), ով ասել է. «Ես մտադիր եմ կոչել այն, ինչպես կա, ես այն կկոչեմ ցեղասպանություն, ամենուր, ուր գնամ»:

 

Օսմանյան կայսրության քաոսային փլուզման պայմաններում՝ սկսած 1915 թվականից մոտ 1.5 մլն հայ է սպանվել:

 

Այդ սպանությունները բնութագրելու համար «ցեղասպանություն» բառը կիրառելու հարցը տարիներ շարունակ եղել է քաղաքականապես տոգորված հարց: Թուրք պաշտոնյաները իրենց փաստարկը հիմնավորում են նրանով, որ սպանությունները չեն համապատասխանում ցեղասպանության սահմանմանը, քանի որ հայ բնակչության ոչնչացման կանխամտածված ծրագիր չի եղել: Պատմաբանների մեծ մասը, սակայն, եկել է եզրահանգման, որ բառի օգտագործումը տեղին է:

 

Ակտիվիստները հույս ունեին, որ Օբաման կփոխի դիրքորոշումն այս տարի՝ հատկապես Ֆրանցիսկոս պապի կողմից Ցեղասպանության հիշատակումից հետո:

 

Ամերիկայի հայկական վեհաժողովի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքով՝ հաշվի առնելով Պապի հայտարարությունը, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը և գերմանական կողմի դիրքորոշումը, որոնք վերջին օրերին խրախուսում են Թուրքիային հաշտվել իր անցյալի հետ, իրենք Օբամայի կողմից նույնն անելու հույս և ակնկալիք ունեին:

 

Օբաման որպես սենատոր և նախագահի թեկնածու աջակցել է սպանությունները նկարագրելու համար տերմինի կիրառմանը և քննադատել Ջորջ Բուշի վարչակազմին՝ այդպես չանելու համար:

 

«Հայոց ցեղասպանությունը մեղադրանք, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն վավերագրված փաստ, որը հաստատում են վիթխարի քանակով պատմական ապացույցները»,- ասել էր Օբաման 2008 թվականին: «Փաստերն անհերքելի են: Պաշտոնական քաղաքականությունը, որը դիվանագետներին կոչ է անում աղավաղել պատմական փաստերը, անկայուն քաղաքականություն է»: