Պետդուման կարող է ապրիլի 24-ին հայտարարություն ընդունել հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, լրագրողներին հայտնել է Պետդումայի՝ ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմ իտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

 

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ի գործերի կոմիտեն պատրաստում է փաստաթղթի նախագիծ եւ մտադիր է այն ներկայացնել պալատի քննարկմանը:

 

«Ապրիլի 23-ին մենք կոմիտեի նիստ կգումարենք նախագծի շուրջ և այն կներկայացնենք Դումայի խորհրդի հաստատմանը: Առաջարկելու ենք հայտարարությունն ընդունել Պետդումայի ապրիլի 24-ի նիստում»,-ճշտել է նա:

 

Հայտարարության նախագծում Պետդումային, մասնավորապես, առաջարկվելու է «խորը ցավակցություն հայտնել եղբայրական Հայաստանին հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաեւ մյուս ժողովուրդներին, որոնք տուժել են Առաջին համաշխարհային պատերազմի շրջանի ողբերգական իրադարձությունների ընթացքում»,- ասել է պատգամավորը:

 

«Մենք գտնում ենք, որ պատմության դժվարին հարցերն անհրաժեշտ է լուծել խաղաղ միջոցներով, այդ թվում՝ դիվանագիտական ջանքերով՝ հանուն մոլորակի վրա կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման»,- նշել է Լեոնիդ Սլուցկին: