Արարատցիների հետ հանդիպմանը նախագահի թեկնածու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր խոստովանեց, որ իր կառավարման տարիներին ունեցել է և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ, բայց նաև վստահեցրեց, որ ուր էլ որ եղել է, աշխատել է:
«Դրա համար հանգիստ եկել եմ, նայում եմ ձեր աչքերի մեջ ու խնդրում եմ ձեր ձայնը՝ կիսատ մնացած իմ ծրագրերը ավարտին հասցնելու համար: Մենք ձեր հետ միասին առաջին հինգ տարիներն անցանք: Որպեսզի կարողանանք անցնել հաջորդ ճանապարհը, ձեր վստահության քվեն եմ ակնկալում»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանը նշեց, որ իր աշխատանքի ամենակարևոր ուղղություններից մեկն է եղել մեր երկրի համաչափ զարգացումը: Անդրադառնալով մայրաքաղաքին նշեց, որ աշխարհի բոլոր երկրներում էլ մայրաքաղաքները երկրի բնական կենտրոններն են դառնում՝ ուստի կլանում են հիմնական միջոցները:
«Մեզանում սա ավելի սուր է, որովհետև մայրաքաղաքում բնակվում է մեր քաղաքացիների 1/3-ը: Բոլորս պետք է հասկանանք, որ Երևանը ամբողջ Հայաստանը չէ: Ամեն ինչ պետք է անենք, որ Երևանից դուրս ապրող մեր քաղաքացիները ունենան գրեթե նույն պայմանները: Այդ պատճառով պետք է շարունակենք հետևողականորեն իրականացնել ապակենտրոնացնող քաղաքականություն»,- վստահեցրեց նա:
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև առողջապահական խնդիրներին և նշեց, որ շարունակելու են մարզային բժշկական կենտրոնների վերազինման ու վերակառուցման ծրագիրը:
«Դրանով թեթևացնում ենք Երևանի բժշկական կենտրոնների ծանրաբեռնվածությունը: Սրանով հնարավորություն ենք տալիս, որպեսզի և՛ Երևանը բեռնաթափվի, և՛ արդյունավետ դառնա մարզային բժշկական կենտրոնների գործունեությունը: Այդ ձևով մենք փրկում ենք շատ կյանքեր: Հնարավորություն ենք տալիս, որ շատ մարդիկ օգտվեն առաջնային բժշկական օգնությունից: Ամեն մի փրկված կյանք մի երջանկություն է: Ամեն մի ընտանիքի երջանկություն մեր հասարակության երջանկությունն է»,- ասաց նա: