«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ, ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրությունները: «Ի տարբերություն տասնամյակներ հնչող հայտարարությունների' այս անգամ Մինսկի խումբը փաստացի ճանաչել է ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները' իրենց հայտարարության մեջ նշելով, որ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում իրենք ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում, ինչը, փաստորեն, նշանակում է խորհրդարանական ընտրությոնների ճանաչում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ մայիսի 4-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետը:
Նա նշեց, որ 1990-ական թվականների սկզբից Մինսկի խումբը քննադատաբար էր վերաբերում ԼՂՀ-ում անցկացվող բոլոր ընտրական գործընթացների նկատմամբ: «Կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ ԼՂՀ-ում վեցերորդ անգամ անցկացվող խորհրդարանական ընտրությունները միանշանակ մեծ նշանակություն ունեն և ամրապնդում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումները' չնայած միջազգային հանրությունն ամեն կերպ խուսափում է ճանաչել այդ փաստը:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո ԼՂՀ-ում հնարավոր ներքաղաքական զարգացումներին'քաղաքագետը նշեց, որ ներքաղաքական պատկերը գրեթե չի փոխվի: «Ըստ նախնական և ոչ պաշտոնական տվյալների, իշխող «Ազատ Հայրենիք» կուսակցությունը կրկին խորհրդարանական մեծամասնություն կկազմի: Բացի այդ, կարծում եմ, որ «Ազատ Հայրենիք» կուսակցության և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ավանդական կոալիցիան կշարունակվի նաև նորընտիր խորհրդարանում»,-նկատեց Սերգեյ Մինասյանը և հավելեց, որ Արցախի բոլոր ընդդիմադիր ուժերն ընդգծել էին, որ այս խորհրդարանական ընտրություններն իրենց կազմակերպվածության մակարդակով ամենահաջողվածն էին:
Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը հրապարակել է մայիսի 3-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական նախնական տվյալները' հայտարարելով «Ազատ հայրենիք» կուսակցության հաղթանակի մասին: Բեգլարյանն իր բլոգում գրել է, որ տվյալները մայիսի 4-ի ժամը 03:00- ի դրությամբ են' ըստ որոշ ոչ պաշտոնական ու մոտավոր կուսակցություների հաշվարկների:
1. «Ազատ հայրենիք» կուսակցություն - 47%,
2. «Ազգային վերածնունդ» կուսակցություն - 5 տոկոսի շեմին է,
3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 19%,
4. «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» – 1.5%,
5. «Խաղաղություն եւ զարգացում« կուսակցություն – 1%-ից քիչ,
6. «Հայ հեղափոխական դաշնակցություն » կուսակցություն – 19%,
7. «Շարժում-88» կուսակցություն – 6.5%: