Երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 65 կողմ ձայնով: Թե իրականում ինչո՞վ է պայմանավորված օրենքում փոփոխություն կատարելը, արդյո՞ք այն միտված է առանց այն էլ լայն ճեղք տված բյուջեն լցնելու համար, այդպես էլ պարզ չդարձավ:

 

Սակայն խորհրդարանում աղմուկն այնքան բարձրացավ ու կրքերն այնքան եռացին, որ պատգամավորները միմյանց նույնիսկ սկսեցին մեղադրել «յուղ վառելու» մեջ: Մինչդեռ գլխավոր «յուղ վառողը», իր եփած շիլան հում մատուցողն ու մարդկանց նյարդերը սղոցողը բոլորովին այլ անձ էր, ֆիննախից եկած մի հիանալի անձնավորություն, ով պետք է գործադիրի անունից պաշտպաներ օրինագիծը ԱԺ-ում:
Եվ տեսեք, թե ինչ անհեթեթ հիմնավորումներով է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը փորձել հասարակության հագով կարել այդ փոփոխությունները:

 

Բազմաթիվ քննադատություններին ի պատասխան՝ վիճահարույց, անգամ միջպետական հարաբերությունների դաշտում խնդիրներ հարուցող օրինագծի համար «դոշ տվող» Միրումյանը պնդում է. «Անկեղծ ասած' օրենքում փոփոխություններ անելու պատճառը բյուջեի դատարկ լինելը չէ: Պետք է նշեմ, որ նախորդ տարվա համեմատ' եկամուտները, հարկային վճարումներն ավելացել են»:

 

Այ քեզ բան, լրիվ մեզ ձեռք է առնում այս մտքի տիտանը: Եթե բյուջե լցնելու խնդիր չեք ցանկանում լուծել, ինչու՞ եք մտնում արտագնա աշխատանքի մեկնողների կամ, այսպես կոչված, «խոպանչիների» և նրանց գործատուների մատի ու մատանու արանքը: Բանը հասել է այնտեղ, որ փայ մտնելու հայաստանյան ավանդույթը արմատներ է ձգում արդեն ՀՀ տարածքից դուրս: Պարզից էլ պարզ է, որ ռուսական կողմը փափուկ գորգ չի փռելու օրինագծով նախատեսված հարկային մուտքերի հաղթարշավի ճանապարհին, ու հայկական կողմը պարզապես արկածախնդրության է դիմում՝ առավել նեղ, խմբակային շահերից ելնելով: Ու այն, որ այս օրինագծով իսկապես ոմանց անձնական ամբիցիաներ են սպասարկվելու՝ արդեն կասկածից վեր է դառնում հենց իր՝ «խոպանչիներին» փայ մտնող փոխնախարարի հայտարարություններից հետո:

 

Հարցին, թե արդյո՞ք սա Կառավարության կողմից պատրաստված հերթական թակարդն է, որն ուղղված է օլիգարխների դեմ, փոխնախարարն ասել է. «Դուք շատ ենք շահարկում օլիգարխ անվանումը: Բոլոր այն անձինք, ովքեր կունենան նման ծրագիր, կարող են գալ, ստանալ նման հավանություն, գրանցել կազմակերպությունը Հայաստանում և իրականացնել գործունեություն»:

 

Ուշադրություն դարձրեք, պարոնը չի էլ ժխտում, որ այդ կազմակերպությունները պետք է գան, իրենցից հավանություն ստանան: Եթե սա բիզնեսի խթանման համար է՝ Հայաստանում ի՞նչ հավանություն պետք է ստանան մարդիկ այն դեպքում, երբ գործունեություն են ծավալելու Ռուսաստանի Դաշնությունում և շինարարական մրցույթների համար հավանություն են ստանալու բացառապես այդ երկրում: Մի քիչ շատ հավակնոտ չէ՞ ձեր ծրագիրը, պարոն Միրումյան, արդեն սկսում եք ՌԴ աշխատանքի շուկան աշխատեցնել ձեր հավանությամբ կամ չհավանությամբ:

 

Հավանությունը հավանություն, իսկ թե ում պետք է հավանություն տան այս նոր որոգայթներում գումարներ աշխատելու՝ արդեն պարզ է. իհարկե՛, մեր քաջարի փոխնախարար Միրումյանի կողմից այդքան չսիրված բառի՝ օլիգարխիայի տակ տեղավորված մարդկանց:
Ու ասվածի վառ ապացույցներից մեկը մի՞թե այն չէ, որ ֆինանսների փոխնախարարը պնդում է, որ նախագծի նպատակը բյուջեի ճեղքը փակելը չէ, որովհետև հարկային մուտքերը լավ էլ ապահովված են, դեռ մի բան էլ ավելի: Այդ դեպքում ինչու՞ եք, պարոն Միրումյան, դիմում այդպիսի արկածախնդրության՝ լավ իմանալով, որ ԱԺ-ում ծաղր ու ծանակի եք ենթարկվելու: Որովհետև անձերի և անձնական խնդիրներ եք լուծում և մերձավորների համար նոր, «էժան» փողեր հայթայթելու հորիզոններ եք բացում...

 

Ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը...



Վարուժան Բաբաջանյան