ՀՀ խորհրդարանականներն անհանգստացած են պատերազմական Սիրիայում ապրող հայերի ճակատագրով: Մասնավորապես, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը նրանց աջակցելու նախաձեռնությամբ է հանդես եկել: «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ խորհրդարանականները հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, ներկայացրել առաջարկություններ և սպասում են որոշակի արդյունքի: «Մենք խորհրդակցության ժամանակ բոլոր առաջարկները քննարկել ենք, «Դաշնակցությունն» էլ է արել առաջարկներ: Գալուստ Սահակյանն ասաց, որ հարցը կբարձրացնի գործադիր իշխանության մոտ ու խոստացել է մեզ տեղյակ պահել իրավիճակի զարգացման մասին»,- հայտնեց Լևոն Զուրաբյանը:

 

 

Նրա խոսքով՝ իրենք երեք հիմնական առաջարկություն ունեն: «Առաջինը՝ տրամադրել ֆինանսական միջոցներ սիրիահայերին կոնֆիլկտային գոտուց տարհանելու նպատակով: Հազարավոր մարդիկ կան, որ ունեն ֆինանսական միջոցների պակաս, բայց ունեն ցանկություն այնտեղից դուրս գալու: Եթե ունենան ֆինանսական հնարավորությունները, նրանք կկարողանան այնտեղից դուրս գալ:

 

 

Երկրորդը՝ այն մարդկանց, ովքեր վիզայի խնդիր ունեն, տրամադրել Հայաստանի վիզա: Եվ երրորդ՝ հարցը բարձրացնել բոլոր համապատասխան միջազգային կազմակերպություններում ու, առաջին հերթին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, քանի սա լուրջ խնդիր է: Խոսքը հազարավոր մարդկանց բնաջնջման մասին է»,- նշեց պատգամավորը: