Մայիսի 9-ը հայության համար կարևոր հաղթանակների օր է: Այս օրը եռատոն է հայ ժողովրդի համար, որը մեծ խանդավառությամբ նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:


Մեծ հաղթանակը կերտվեց նաև հայերի շնորհիվ

 

2015-ը հոբելյանական է. այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70 ամյակը: 1945 թվականին խորհրդային ժողովուրդները, այդ թվում' հայերը, հաղթանակ տոնեցին ֆաշիստական Գերմանիայի ու նրա կողմն անցած ուժերի նկատմամբ: Տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 10 4 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:


Շուշիի ազատագրություն. քաջերն ուզում էին լեռներում հարսանիք անել

 

Ուղիղ 23 տարի առաջ էլ' մայիսի 9-ի առավոտյան, հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումը բեկումնային եղավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը: Նա կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին' Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

 

Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի 8-ի գիշերը' ժամը 02.30-ին'Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Այն նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է:


Ինքնապաշտպանական միավորումներից՝ կանոնավոր բանակ

 

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները: Արցախի զինված ուժերում ծառայում են 20 հազար զինավարժ սպաներ և զինվորներ: Մայիսյան հաղթանակները շարունակական են, դրանք ուղեկցելու են հայ ժողովրդին, որն ապրում ու արարում է այս հողում:


Միջոցառումներ, որոնք տոնական են դարձնելու օրը

 

Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում մայիսի 9-ը նշվում է մեծ շուքով: Տարբեր միջոցառումներ են ծրագրված' տոնական համերգներ, ծաղկեպսակների զետեղումներ: Երեւանում գլխավոր միջոցառումները Հաղթանակի զբոսայգում են: ՀՀ ԶՈՒ, ՌԴ սահմանապահ և 102-րդ բազայի միացյալ ստորաբաժանումները զինվորական շքերթի դուրս կգան Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխարհի այլ երկրների առաջնորդների հետ Ռուսաստանի Դաշնությունում ներկա կլինի Հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում: