Հաղթանակի զբոսայգում մեծ հանդիսավորությամբ մեկնարկել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վետերաններին շնորհավորելու են եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նախարարները, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր արտասահմանից:

 

Միջոցառման մեկնարկին ծաղիկներ դրվեցին անհայտ զինվորի հուշարձանին, այնուհետև Երևանում տեղակայված Էրեբունի ռուսական ավիացիոն ռազմաբազայի օդաչուները հանդես եկան ցուցադրական թռիչքներով: Նախ, ուղղաթիռները երկնքով մեկ տարան Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած Հայաստանի և Ռուսաստանի դրոշները, այնուհետև հանդես եկան ցուցադրական թռիչքներով: Միջոցառման ավարտին հյուրերն այցելեցին հարևանությամբ գտնվող զինվորական վրաններ և վետերանների հետ նշեցին Հաղթանակի օրը:

 

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ Հայրենական պատերազմում տարած հաղթանակով հայ ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց, որ դժվարություններից չի կոտրվում և պատրաստ է պայքարել հանուն համամարդկային արժեքների:

 

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն էլ հավելեց, որ հաղթանակը ԽՍՀՄ ժողովուրդներինն է, որոնք գրանցեցին մեծ նվիրվածություն և կարողացան կամքի ուժ ցուցաբերելով հաղթել ֆաշիստական Գերմանիային: «Հայ ժողովուրդը ցուցաբերել է մեծ խիզախություն և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի լիիրավ կրողն է: Շնորհավորում եմ ձեզ այս տոնի կապակցությամբ և մաղթում բարեկեցություն»,- ասաց Հայաստանում ՌԴ դեսպանը:

 

Նախատեսվում է տոնակատարության մասնակիցների, պատերազմի վետերանների կողմից Մեծ հաղթանակին վերաբերվող նորացված ցուցադրությունների դիտում «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաների մասնակցությամբ Հայրենական Մեծ պատերազմի վետերանների պատվին զինվորական տոնական հյուրասիրություն ՌԴ 102-րդ բազայի և ՀՀ ԶՈՒ կողմից կազմակերպված զինվորական վրաններում:

 

Հաղթանակի զբոսայգում տոնակատարությունը կշարունակվի հայրենասիրական երգերով, քայլերգերով' ՊՆ նվագախմբի, ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Սպայի տան Զորական ու Սարդարապատ համույթների և ճանաչված մենակատարների մասնակցությամբ:

 

Տոնական օրը կեզրափակվի Երեւանում տոնական հրավառությամբ եւ 70 համազարկով: