ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Շուշիի ազատագրման օրվա ու Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա ու Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

 

Տարեցտարի մեր հաղթանակաները ժամանակային իմաստով անցյալ են դառնում, սակայն տարեցտարի դրանք ավելի են արժևորվում և ուղղորդում դեպի նոր հաղթանակներ:

 

Շուշիի ազատագրումը հայկական ռազմարվեստի և հոգևոր կարողությունների համադրման ծնունդ էր, ինչը նշանակում է, որ զենքով հաղթելու, հայրենիքն ազատագրելու և պաշտպանելու համար մշտապես պետք է հարուստ ու հզոր պահենք մեր ներսում եղած հայրենիքը՝ մեր ներաշխարհը: Բոլոր ժամանակների մեր հաղթանակները՝ թե՛ Հայկի ու Տիգրան Մեծի ժամանակներում, թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի ժամանակ ծնվել են՝ այդ ամենը մեր բազկի ուժի հետ միասնա կան գործադրելով:

 

Հաղթանակները, ազատության ձեռքբերումը նշանակում են մեր կամքի, արժեքների և հայրենիքի հանդեպ սիրո հաղթարշավ: Ազատությունը ոչ ոք չի նվիրում, այն ձեռք է բերվում, նվաճվում, շատ հաճախ նաև կյանքի գնով: Այդպես էր և 70 տարի առաջ, երբ մեր նախնիների հերոսական մասնակցությամբ կերտվեց հաղթանակը գերմանական ֆաշիզմի հանդեպ, այդպես էր նաև ավելի քան 20 տարի առաջ, երբ մեր սերնդակիցների ձեռամբ Շուշին ազատագրվեց ադրբեջանական ֆաշիզմից: Ժամանակը հսկայական իշխանու թյուն ունի, բայց դա անսահմանափակ չէ, որովհետև զիջում է մարդկային հիշողությանը: Մենք երբեք չենք մոռանում տարբեր ժամանակներում և տարբեր ճակատամարտերում մարտնչած, հաղթանակներ կռած զինվորին, ազատամարտիկին ու կամավորին:

 

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք հաղթանակներ կերտում ենք առանց խաղաղության կամ որևէ մեկի ազատության դեմ ոտնձգության, որովհետև մեր պատմության էջերի շնորհիվ շատ լավ գիտենք ե՛ւ խաղաղության, ե՛ւ ազատության գինը: Ազատությունն ու խաղաղությունը կարելի է կորցնել ոչ միայն պատերազմում կամ ճակատամարտում պարտվելով, այլեւ պարբերաբար տեղապտույտի մեջ գտնվելով, դրանով իսկ մոտենալով կորստյան սահմանագծին: Շուշիի հաղթանակը, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը մեզ պարտավորեցնում եւ պարտադրում են ձգտել ու հասնել նոր հաղթանակների և ոչ միայն ռազմի դաշտում: Պարտադրում և պարտավորեցնում են ոչ միայն մշտապես առաջ շարժվել, այլև դա անել միասին ու համերաշխ:

 

Մայիսյան հաղթանակների առթիվ առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Երկրորդ աշխարհամարտի, Արցախյան ազատամարտի վետերաններին, այսօրվա խաղաղությունն ու անվտանգությունը ապահովող մեր զինվորներին և մաղթել նրանց առողջություն, լավատեսություն ու բարօրություն: Թող խաղաղությունն և հաջողությունը միշտ ուղեկցեն մեր ժողովրդին ու երկրին»: