Իրանն իր զինծառայողներին չի ուղարկել Սիրիա Բաշար Ասադի կառավարական բանակին աջակցելու համար: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին Գերմանիա կատարած իր այցելության ժամանակ:
«Սիրիական բանակը բավականին մեծ է և արտաքին ուժերի աջակցութան կարիքը չի զգում: Թույլ տվեք այդ գործընթացը զարգանա իր բնական ուղով»,- նշել է Սալեհին:
Սալեհին չի բացառել Բաշար Ասադի մասնակցությունը նախագահական ընտրություններին, ասելով, որ դա կախված է միայն իրենից:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Իրան են վերադարձել Սիրիա ուղղարկված էլիտ ստորաբաժանման 275 զինծառայողներ: Ինչպես գրել են ԶԼՄ-ները, այս որոշումը կայացվել է Իսլամական հանրապետության ծանր տնտեսական պայմաններից ելնելով: Լուրերի համաձայն, այս ստորաբաժանումը երկար ժամանակ է գտնվել Սիրիայում և ապստամբների դեմ հատուկ գործողություններ է իրականացրել:
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ իր պետությունը սիրիական ընդդիմության հետ խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններ է տանում: Սալեհին նշել է, որ Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ խնդրի լուծման մեջ:
«Հարկավոր է սկզբում արյունահեղությունը դադարեցնել, այնուհետև զբաղվել երկրի քաղաքական փոփոխություններով. ժամանակավոր կառավարություն կազմավորել, նոր ընտրություններ անցկացնել, փոփոխել սահմանադրությունը: Սիրիայի ժողովուրդը պետք է ինքն ընտրի իր ղեկավարին: Մենք չենք կարող որոշել, թե ով պետք է ղեկավարի պետությունը»,- ասել է Սալեհին: