Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ: Տարոն Մարգարյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ, սիրելի հայրենակիցներ, մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր է, կրկնակի տոն, որի առիթով և սրտանց շնորհավորում եմ բոլորիս:
70 տարի առաջ մեր պապերն իրենց սխրանքով հերթական անգամ փաստեցին, որ ոչ ոք և ոչինչ չի կարող հաղթել սեփական հայրենիքը պաշտպանող, հարազատ տան, օջախի պաշտպանության համար մարտնչող զինվորին: Հազարամյակների պատմության ընթացքում խաղաղասեր հայ ժողովուրդը բազմիցս է ապացուցել, որ միշտ պատրաստ է անողոք պայքար մղելու բոլոր նրանց դեմ, ովքեր ոտնձգություն կկատարեն մեր Հայրենիքի նկատմամբ, կփորձեն խաթարել մեր ժողովրդի անդորրը: Մեծ հայրենականում տարած փառապանծ հաղթանակը ևս դրա վկայությունն էր:
Իմ խորին համոզմամբ, բնավ պատահական չէր, որ հերոս պապերի տարած հաղթանակներով ոգեշնչված՝ մեր նորօրյա հերոսները դարձած ազատամարտիկները և հենց մայիսի 9-ին ազատագրեցին պատմական Արցախ աշխարհի հոգևոր ու մշակութային մայրաքաղաք Շուշին՝ դրանով ևս մեկ հերոսական էջ գրելով հայ ժողովրդի պատմության մեջ ու բոլորիս համար այս օրը դարձնելով կրկնակի տոն:
Հաղթանակի օրը նաև պատմությունից դասեր քաղելու լավ առիթ է, յուրօրինակ հիշեցում, որ պետք է անել ամեն ինչ, որ այլևս երբեք պատերազմներ չլինեն: Եվ այսօր երախտիքի մեր խոսքն ուղղելով մեր հերոսներին ու խոնարհվելով զոհվածների հիշատակի առջև՝ մեր ժողովուրդը վերահաստատում է, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել»: