Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թվային եղանակով հանել է հայկական դրոշը շաբաթ օրը տեղի ունեցած Ռուսաստանի ռազմական շքերթի լուսանկարից, գրում է BBC-ն:
Հայկական դրոշը բացակայում է լուսանկարից, որտեղ երևում են ադրբեջանցի զինվորականներն ու նրանց հետևից եկող հայ զինծառայողները:
Սակայն միջոցառման ուղիղ հեռարձակումը ցույց տվեց, թե ինչպես են զինվորները քայլում իրար հետևից՝ ձեռքներին բռնած իրենց դրոշները, նշվում է հոդվածում:
BBC-ն մեջբերում է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի խոսքը: Փորձագետը կասկած չունի, որ խոսքը ֆոտոմոնտաժի մասին է:
«Ըստ ՊՆ աղբյուրների՝ իրենք էլ չէին սպասում, որ հայ և ադրբեջանցի զինծառայողները քայլերթի դուրս կգան մեկը մյուսի հետևից: Փորձերի ժամանակ նրանք հրապարակի տարբեր մասերում էին քայլում»,- բացատրել է Ջաֆարովը:
Ադրբեջանի ՊՆ-ն հրաժարվել է մեկնաբանություններից: