Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է, որ Բաքվի Բինգադիի շրջանում, Ազադլիգ պողոտայում բարձրահարկ բնակելի շենքում մայիսի 19-ին տեղի ունեցած հրդեհից հետո վստահաբար կարելի է ասել, որ Բաքվի գործադիր կառույցները, հատկապես, Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մարմինները «ոչ մի բանի պատրաստ չեն»:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, faktxeber.com-ի հետ զրույցում Ջաֆարովը նշել է, որ հրդեհի մասշտաբն անմիջապես որոշելու համար լիազորված պաշտոնյաները 2 հրդեհաշեջ ուղղաթիռներ են կանչել հրդեհը սկսվելուց մեկ ժամ հետո, երբ այն մարել այլևս հնարավոր չէր: Փորձագետը այդ հրդեհից հետո շատ պաշտոնյաների առաջարկել է հեռանալ ԱԻն համակարգից:

 

 

«Թանկարժեք մեքենաներով շրջելու փոխարեն մի քիչ էլ պետք է կարողանալ իրավիճակի և պահի հետ կապված որոշումներ ընդունել», -ասել է նա:

 

 

Փորձագետը զգուշացրել է, որ մոտ ժամանակում Ադրբեջանում ավելի սարսափելի ողբերգություններ են սպասվում: Նա ընդգծել է, որ բաքվեցիներին պատուհասած ողբերգությունը «անպատասխանատու պաշտոնյաների և կառույցների սխալի արդյունք է»:

 

 

«Եթե իշխանություններն այսօրվա հրդեհից համապատասխան հետևություններ չանեն, մոտ ժամանակում մեզ ավելի սարսափելի ողբերգություններ կպատահեն: Իշխանությունների մեղքով է, որ Բաքվում 800-ից ավելի շենքեր երեսպատվել են ոչ հրդեհաանվտանգ պլաստմասե սալիկներով», -նշել է Ջաֆարովը:

 

Մայիսի 19-ին Բաքվում 16-հարկանի շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառով 16 մարդ զոհվել, 60-ից ավելի մարդ էլ վիրավորվել է: