ՀՀ գլխավոր դատախազության՝ Ազգային ժողովին ներկայացված հաղորդման համաձայն՝ 2014 թվականի ընթացքում դատախազական հսկողություն և վերահսկողություն է իրականացվել 34 քրեական գործով:

 

Դրանցից 9-ը հարուցվել է ընթացիկ տարում, այլ մարմիններից ստացվել է 25-ը: 34 քրեական գործից ավարտվել է 7-ը (կարճվել' 7-ը), կասեցվել է' 2-ը, ուղարկվել է ըստ ենթակայության՝ 20-ը, միացվել է՝ 1-ը, անավարտ է մնացել՝ 4-ը: Անմիջական դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության տակ գտնվող գործերով կարճման որոշման դեմ բերվել է 2 բողոք, որոնք 2-ն էլ մերժվել են՝ անհիմն լինելու պատճառով: Անմիջական դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության տակ չգտնվող գործերով վերացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին 11 որոշում:

 

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցադրմանն ի պատասխան՝ գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից նշեց, որ բազմաթիվ քննիչներ ու դատախազներ են պատժվել: «Ես իմ հաշվետվության մեջ էլ եմ ներկայացրել, թե ովքեր են այն քննիչներն ու դատախազները, ովքեր ենթարկվել են քրեաիրավական պատասխանատվության, ինչ քրեական գործեր են հարուցվել ու որն է դրանց ընթացքը: Սակայն պետք է ասեմ, որ քրեական գործերի հարուցումը դեռ չի նշանակում, որ անձը հանցագործություն է կատարել ու նա մեղավոր է այդ հանցագործության մեջ: Քրեական գործեր հարուցելու փաստը բավարար չէ պնդել, որ խոսում ենք հանցագործության մասին, այլ ոչ կարգապահական զանցանքի: Ինչ վերաբերում է անուններ հրապարակելուն, ես չեմ պատրաստվում անուններ հրապարակել, ես կարող եմ ներկայացնել, թե քանի հոգի են, ինչ հարցերով են մեղադրվել»,- նշեց Գևորգ Կոստանյանը: