«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դրոշներն արդեն հայտնվել են Սիրիայի Պալմիրա քաղաքի հնագիտական համալիրի վրա, որտեղ գտնվում են բացառիկ հնագույն ավերակներ: Մինչ օրս պահպանված հռոմեական փողոցների, հայտնի կամարի և սյունաշարքերի, ամֆիթատրոնի, Յուպիտերի տաճարի և նեկրոպոլիսի ոչնչացման սպառնալիքն արդեն իսկ իրականություն է դարձել. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Լույս հինգշաբթի սիրիական զորքերը լքել էին վերջին 3 հենակետերը, որոնք գտնվում էին իրենց ձեռքում Պալմիրայի շրջանում' Դամասկոսից 240 կմ հեռավորության վրա: Ինչպես հայտնում է Skynews Arabiya ալիքը' ԻՊ-ի գրոհայիններին հաջողվել է գրավել օդանավակայանը, բանտը և անվտանգության ուժերի շտաբը: Մինչդեռ' սիրիացի զինվորները շարունակում են վերահսկել Հոմս, Դամասկոս և Բաղդադ տանող մայրուղին:
Այն մասին, որ Պալմիրային կարող է սպառնալ ասորական Նիմրուդ քաղաքի և Իրաքի Մոսուլի թանգարանի ճակատագիրը, զգուշացրել է Թանգարանների և հնությունների վարչության ղեկավար Մամուն Աբդել Քերիմը։ Նա դիմել է երկրի զինված ուժերի հրամանատարությանը և միջազգային հանրությանը՝ կոչ անելով պաշտպանել «Սիրիական անապատի մարգարիտը»: Նրա խոսքով' «անտիկ Պալմիրայի պատերի մոտ պայքար է ընթանում քաղաքակրթության և բարբարոսության միջև»:
«Հիմնական արձաններն ու քանդակները մեզ հաջողվել է դուրս բերել, սակայն ներկայիս պայմաններում տարհանել հուշարձաններն անհնար է»,- ասել է նա՝ անհանգստանալով, որ վանդալները կպայթեցնեն հնագիտական կառույցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրահայիններին հաջողվել է գրեթե ամբողջությամբ գրավել Պալմիրա քաղաքը, իսկ սիրիական հրամանատարությունը դուրս է բերել զորքերը քաղաքից, որպեսզի ոչնչացման չենթարկի բացառիկ հնագույն ավերակները: