Ուկրաինայում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը վերանայել է 2015 թվականին երկրի տնտեսական զարգացման կանխատեսումը, ըստ որի Էկոնոմիկայի անկումը կհասնի 9 տոկոսի, տարեվերջին գնաճը կկազմի 46 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կիևում հայտնել է առաքելության ղեկավար Նիկոլայ Գեորգիևը:

 

 

«Առաքելությունը 2015 թվականի աճի կանխատեսումը վերանայել է դեպի նվազեցման կողմը՝ մինչև 9 տոկոս, տարեվերջին գնաճը կանխատեսում է 46 տոկոսի չափով»,- նրա խոսքը մեջբերել է ԱՄՀ-ի մամուլի ծառայությունը:

 

Ուկրաինայի կառավարությունն ԱՄՀ-ի երկրորդ վարկաբաժինն ստանալու համար մինչև հունիսի կեսը պետք է լուծի արտաքին պետական պարտքերի վերաձևակերպման հարցը, որոնք գերազանցում են 18 մլրդ դոլարը:

 

 

Դժվարությունների ֆոնին, որոնք Կիևն ունի վարկատուների հետ բանակցություններում, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մայիսի 28-ին ստորագրել է օրենք, որի համաձայն երկիրը կկարողանա արտաքին պարտքերի վճարման մորատորիում սահմանել: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի կառավարության կողմից այդ օրինագիծը Գերագույն ռադա մտցվելուց անմիջապես հետո փորձագետները նման գործողությունները որակել են որպես «դեֆոլտի տանող առաջին քայլ»: