Պոլսահայ հայտնի մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով երկար ժամանակ թուրքական բանտում է, հայտնել է, որ առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին աջակցում է ընդդիմադիր քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, այս մասին համապատասխան գրառում է հայտնվել Նիշանյանի Թվիթերի միկրոբլոգում:
Այդըն Յենիփազար փակ տեսակի բանտում դեռևս փակված պոլսահայ մտավորականի Թվիթերի միկրոբլոգում հայտնվել է հետևյալ գրառումը. «Բանտում լինելու վատագույն կողմն այն է, որ կիրակի օրը հնարավոր չի լինի ձայն տալ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: Դուք իմ անունից կտա՞ք»:
Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում' 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված է 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու: