«Մշակութային վերածնունդ» հիմնադրամը ստեղծվել է 2014թ փետրվար ամսին, ծրագրի գաղափարը հղացել է 2013թ. օգոստոս ամսից: Այն նպատակ ունի աջակցել հայ մշակույթի, արվեստների տարբեր ճյուղերի, հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանը և տարածմանը:
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերից առաջինը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծն է, որի շրջանակներում առաջին անգամ ստեղծվում է հայի ինքնությունն արտահայտող ավանդական երգերի ոսկե հավաքածու:
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակներում վերածնել, վերաձայնագրել հայկական ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ պահպանելով ու փոխանցելով այն սերունդներին: Նախագծի խնդիրների և նպատակների շրջանակներում իրականացվել է մասնագետների կողմից նախապես ընտրված ավանդական երգերի նոտագրում և ձայնագրում, ինչպես նաև հայկական ազգային երաժշտությանը վերաբերվող նոտային գրականության հավաքագրում, դասակարգում ու հրատարակում:
Նախագծի շրջանակներում ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր երգեր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր: Ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները: Շուրջ 200 տարի ընդմիջումից հետո ծրագրի շրջանակներում համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ կհրատարակվեն հայ հոգևոր երաժշտական մատյանները (Շարակնոցը, Ժամագիրքը): Ընդհանուր առմամբ, 600-ից ավել երաժշտական նմուշներ հասու կդառնան հանրությանը:
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրը իրականացվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և վաստակավոր ու արհեստավարժ երաժիշտների մասնակցությամբ:
Նախագծի պրոդյուսերն է՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, նախագծի գլխավոր երաժշտական խմբագիրը կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն է, նախագծի համակարգողն է արտ-մենեջեր Մարինա Սուլթանյանը:
Նախագծի մտահղացման հեղինակը Արթուր Ջանիբեկյանն է:
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամը Ձեզ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում իրականացված աշխատանքների ու նախատեսվող միջոցառումների մասին։