Այսօր էլեկտրոնային մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ հայտնի տաքսու վարորդ Արման Գալստյանը եղել է Երկրապահ Կամավորականների միությունից և ինչ-ինչ պատվերներ է կատարում: Այժմ նրա դիմակը պատռվել է, և նրան չի կարելի հավատալ ու վստահել: Հնչել են նաև ակնարկներ, թե իբր Արմանը կատարում է Երկրապահի պատվերը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արմանը հաստատեց, որ ինքը եղել է «Երիտասարդ երկրապահ»-ի Էրեբունու կառույցի ղեկավար՝ հավելելով, որ արդեն 1 տարի է՝ պասիվացրել է գործունեությունը՝ մնալով շարքային անդամ, ինչպիսին «Երիտասարդ երկրապահ»-ի տասնյակհազարավոր անդամներն են. «Այսօր ես երիտասարդ ընտանիք ունեմ՝ կին, երեխաներ, ստիպված եմ ընտանիքիս կարիքները հոգալու համար աշխատել: Իմ արդար քրտինքով, տաքսի քշելով՝ տուն-տեղ եմ պահում: Կամ մինչև «Երիտասարդ երկրապահ»-ին անդամագրվելը՝ ես մանկապարտեզ եմ գնացել, դպրոց: Հիմա ի՞նչ է, այդ սրբություննե՞րն էլ պետք է պղծեք»,- ասում է Արմանը:
Նա նշեց, որ իրեն զայրացրել են մամուլի հրապարակումները, որոնցում իր խոսքերը «շուռ տված» են ներկայացվել: «Տաքսիստների լիցենզավորումն ի՞նչ կապ ունի Երկրապահի, մանկապարտեզի, դպրոցի կամ մեր բակի հետ»,- տարակուսում է Արմանը,- «ինչո՞ւ են իրենց ռեյտինգը բարձրացնելու համար շահարկում այլևայլ թեմաներ: Ես Երկրապահի անունից պաշտոնական հայտարարություններ անելու իրավունք չունեմ: Ինքնին հասկանալի է, որ «Երիտասարդ երկրապահ» կառույցը չի կարող պատասխանատվություն կրել իր բազմահազար անդամներից յուրաքանչյուրի անհատական գործունեության, որպես ՀՀ քաղաքացի հայտնած անձնական կարծիքների համար։ Կարծում եմ՝ դա հասկանում են նաև այն ստորաքարշ արարածները, ովքեր կամենում են լուն ուղտ դարձնել, ովքեր ձգտում են իրենց ամենագետի տեղ դրած՝ վարկաբեկել երկրապահ բառն ու Երկրապահին։ Ծիծաղելի է, երբ ասվում է, թե տաքսիստը Երկրապահի «պրոյեկտն» է։ Հատկապես անհասկացողների համար կրկնենք, որ Երկրապահի առաքելությունը երկիր պահել, շենացնելն է, օրվա 24 ժամը երկրի, հայրենիքի, ազգի մասին մտածելն է։ Երկրապահը նա է, ով օրհասական պահին պատրաստ էր նահատակվելու։
Երկրապահը հային պարտադրված պատերազմում հաղթանակած և թուրքին խաղաղություն պարտադրած հայի տեսակն է։ Երկրապահն այսօր էլ մասնագիտական և այլ հմտությունները հայրենիքին ծառայեցնողը, պատանի, երիտասարդ սերունդներին հայրենասիրական դաստիարակություն տվողն է։ Իսկ այնտեղ, ուր ինտրիգներն են, ուր ստվերային խաղերն են, Երկրապահն անելիք չունի։ Ես բաց ճակատով ասում եմ այն, ինչ մտածում եմ: Ոչ մեկի պատվերն էլ չեմ կատարում: Երկրապահին էլ, Երկրապահի առաջնորդին էլ շատ հարգում եմ, բայց երբեք ոչ մեկի պատվերն էլ չեմ կատարում: Որպես Հայաստանի քաղաքացի՝ ասում եմ այն, ինչ մտածում եմ: Իսկ եթե, Աստված չանի, պատերազմ լինի, ես պատրաստ եմ Երկրապահի, Զորավարի կոչով մեկնել առաջնագիծ, պատրաստ եմ որպես երկրապահ՝ իմ առաքելությունը կատարել»: