Ֆորտե դեյ Մարմի հանգստավայրի 5-աստղանի «Բայրոն» հյուրանոցն առաջինն է ոչ միայն Տոսկանայում, այլև ամբողջ Իտալիայում, որտեղ արգելել են «սելֆի» անել: Հյուրանոցի ղեկավարությունն արգելքը բացատրել է այն հանգամանքով, որ ցանկանում է պաշտպանել հայտնի հյուրերի անձնական կյանքն այն այցելուներից, որոնք իրենք իրենց նկարելու պատրվակով փորձում են լուսանկարվել աստղերի հետ, գրում է Комсомольская правда-ն:

 

 

«Բայրոն» հյուրանոցը հայտնի է Իտալիայի սահմաններից դուրս: Մեկտեղանոց համարներն այստեղ սկսում են 500 եվրոյից, իսկ լյուքսերը' 1200-ից: Հյուրանոցում բազմիցս հանգստացել են Դենիել Քրեյգը, Նաոմի Քեմփբելը, Էնթոնի Հոփքինսը:

 

 

Հայտնիները շատ են բողոքել ղեկավարությանը համառ հյուրերից, ովքեր ձգտել են լուսանկարվել իրենց հետ: Նրանց ավելի շատ բարկացրել է այն, որ կես ժամ անց լուսանկարները հայտնվել են սոցկայքերում:

 

 

Այժմ հյուրանոցում ամենուր կարելի է տեսնել «սելֆիի» արգելքի մասին զգուշացումներ: «Սելֆին» արգելված է նույնիսկ լողավազանի մոտ և այգում: