Հայաստանի գազալցակայանների մեծամասնությունում «ավանդույթ» է դարձել լիցքավորել գազի բալոններն ավելի բարձր ճնշմամբ և ջերմաստիճանի ներքո, ինչի արդյունքում գազալցակայանները խնայողություն են կատարում վարորդների հաշվին: Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրդեհային և տեխնիկական ան վտանգության տեսչության քարոզչության բաժնի ղեկավար Սերգեյ Հայրապետյանը:

 

 

«Չարժե չնչին խնայողության նպատակով վտանգի ենթարկել սեփական և շրջակա մարդկանց կյանքն ու առողջությունը: Գազի բալոնների լիցքավորման ժամանակ սահմանված պահանջներին համապատասխան թույլատրված է 200 մթնոլորտ ավելցուկային ճնշման կիրառում: Սակայն գազալցակայանների մեծամասնությունում ավանդույթ է դարձել լիցքավորել 250 մթնոլորտային ճնշումից ավելի», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ' տեղեկացրեց Սերգեյ Հայրապետյանը:

 

 

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի ղեկավարը մանրամասնեց, որ բալոնների պայթելու պատճառ է հանդիսանում բալոնների ժամկետանց և մաշված լինելը, որի պատճառ են դառնում ինչպես բալոնում սահմանված չափից ավելին ճնշման առկայությունը, բալոնի փականի հաճախակի բացելը և սահմանված կարգից ավելի գազի խոնավության առկայությունը:

 

 

Մայիսին գազալցակայաններում տեղի ունեցած պայթյուններից երեքի դեպքում պատճառ էր դարձել գազի բալոնի անսաքությունը, իսկ մեկի' լցակայանի կոմպրեսորը:

 

 

Զվարթոնոցի գազալցակայանը դեպքից 8 օր առաջ' մայիսի 15-ին, տուգանվել էր 1 միլիոն դրամի չափով տեխնիկական պահանջները չկատարելու համար և տրվել էր արգելագիր գազակայանի շահագործման վերաբերյալ'մինչև թերությունները վերացնելը, սակայն իրենք շարունակել էին այն շահագործել», - ասաց Սերգեյ Հայրապետյանը:

 

 

Մասնագետը նշեց, որ մեքենաներում գազի բալոն տեղադրել կարող է ցանկացած' քիչ թե շատ գործից հասկացող մարդ, սակայն կատարյալ տարբերակում այն պետք է տեղադրի հավատարմագրված կազմակերպություն, ով և կտա հավաստագիր բալոնի որակի վերաբերյալ և գազալցակայանի աշխատակիցը առանց հավաստագրի չպետք է լիցքավորի տվյալ գազաբալոնը:

 

 

«Նույնիսկ տեսողական զննման դեպքում կարելի է պարզել բալոնի կասկածելի ծագումը և արդյոք այն վտանգավոր է լիցքավորման համար: Այս տարվա չորս դեպքերից երեքը տեղի են ունեցել գազի բալոնի խնդրի հետևանքով: Սակայն անմտություն է ասել, որ գազալցակայաններում թերացումներ չկան, և այդ լցակայաններում մենք իրականացնում ենք հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում մեր աշխատանքները», - տեղեկացրեց Սերգեյ Հայրապետյանը:

 

 

ՏԿԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ներկայում իրականացնում է տարբեր օբյեկտների' ներառյալ գազալցակայանների, հրդեհային ռիսկերի գնահատում: Ներկա պահին արդեն տուգանվել է 13 գազալցակայան, ևս երկուսի վերաբերյալ կայացվել է աշխատանքի դադարեցման որոշում: Գազալցակայանների զննման աշխատանքները մեկնարկել էին մայրաքաղաքում, և հունիսի 9-ից դրանք կտարածվեն նաև մարզերում: