ԱԺ-ում հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել իր և Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ հայրենիքը պաշտպանելիս վնասվածք ստացած քաղաքացու առողջությունը լիարժեք վերականգնելու խնդիրն ամբողջապես պետք է հոգա պետությունը: Օրենքի ընդունման դեպքում իրավական հիմք և ընթացակարգ կսահմանվի զինծառայողների կողմից զինվորական ծառայության ընթացքում ստացված վնասվածքների բուժումը նաև արտասահմանում իրականացնելու նպատակով:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ արտահերթ ելույթով, վերջինս ասաց, որ Հայաստանի համար անվտանգության և պաշտպանության հարցերը գերկարևոր են:
«Մենք պետք է գիտակցենք, որ առանց ուժեղ անվտանգության համակարգի, մենք չենք կարող խոսել ոչ տնտեսական աճից, ոչ սոցիալական վիճակի բարելավումից, և որևէ հարցից:
Չնայած ունենք բազում չլուծված խնդիրներ, առաջնայինը մեր զինվորների խնդիրներն են: Եթե չես ուզում կերակրել ուրիշի բանակին, ուրեմն պետք է հոգ տանես ու ուժեղացնես քո բանակը»,- ասաց Շարմազանովը:
Վերջինս նշեց, որ իշխանություններին կարելի է և պետք է քննադատել, բայց չի կարելի նույնացնել իշխանություն և հայրենիք: Չի կարելի ամեն ինչի չափն անցնել:
«Չպետք է անենք այն, ինչը ձեռնտու է մեր հարևաններին: Մեր բոլոր դժբախտությունների պատճառը միշտ եղել է այն, որ մենք միասնական չենք եղել: Բերեք ապրենք հանուն հայրենիքի, մեր ընտանիքի, մենք էլ խաղաղ կլինենք: Ամոթ է, բերեք փայփայենք մեր բանակը, բանակի պատասխանատուներին, մեր զինվորին: Պաշտպանության նախարարությունը մեր բոլորինն է, իշխանությունն իր հոր տնից չի բերել»,- ասաց Շարմազանովը:
Տեսանյութը` A1plus.am-ի