Գյումրիի բնակիչ Աղվան Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

 

 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:

 

 

Ոսկերիչ-մասնագետ Աղվան Գևորգյանը 2012-2014 թվականներին իրեն պատկանող արծաթյա իրերը պատել է ոսկու բարակ շերտով, իսկ ոսկյա մանյակների, ապարանջանների, շղթաների սնամեջ դետալներում լցրել է բիսմութի, կապարի, անագի, կադմիումի էլեմենտներից բաղկացած «Վուդի համաձուլվածք» կոչվող դյուրահալ նյութ' այդ կերպ խեղաթյուրելով զարդերի որակական հատկանիշները, դրանց շուկայական արժեքը, ոսկու կշիռը և հարգը:

 

 

Դրանից հետո նա այդ կեղծված զարդերը իր ծանոթների միջոցով գրավադրել է Շիրակի մարզի տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում' դրանք ամբողջ քաշով ներկայացրելով որպես ոսկյա իրեր և ստացել այդ զարդերի շուկայական արժեքն էապես գերազանցող երկու հարյուր երեսունչորս միլիոն չորս հարյուր հիսուն հազար չորս հարյուր քառասուներկու ՀՀ դրամ գումարի վարկեր:

 

 

Այնուհետև Աղվան Գևորգյանը հափշտակել է այդ գումարները'չկատարելով դրանց դիմաց ստանձնած վարկային պարտավորությունները, իսկ կնքված վարկային և գրավի պայմանագրերը մնացել են առանց համարժեք գրավի ապահովման' այդ կերպ վեց ֆինանսավարկային կազմակերպություններին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

 

 

Վերը նշված քրեական հոդվածով' մեղադրյալին սպառնում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում' գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

 

 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանն Աղվան Գևորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել է կալանավորումը: