Առաջին Եվրոպական խաղերը, որոնք կմեկնարկեն Բաքվում հունիսի 12-ին, քննադատության առիթ են դարձել գերմանական մամուլում: Տարբեր քաղաքական գործիչներ և իշխանությունների ներկայացուցիչներ զգուշացնում են՝ բռնապետական Ադրբեջանը խաղերը փորձելու է ծառայեցնել սեփական շահերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական Die Welt պարբերականը հունիսի յոթի իր համարում հոդված է հրապարակել Բաքվում անցկացվելիք առաջին եվրոպական խաղերի մասին:

 

Թերթի սպորտային մեկնաբան Յենս Հունգերման «Բռնակալն ու խաղերը» խորագրով իր հոդվածում ներկայացրել է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նավթամիլիարդների միջոցով փորձում կոծկել հասարակական խնդիրները: Ըստ հեղինակի՝ խաղերին մասնակից մարզիկները գործիք դառնալու մտավախություն ունեն: Հոդվածագրի համար լուրջ հարց է, թե ինչու է սպորտը, այս դեպքում՝ Եվրոպայի ազգային օլիմպիական կոմիտեների միությունն ընկնում ավտոտրիտար ռեժիմի վիզը, որը ճնշում է խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը, ծաղկում կոռուպցիայի հաշվին, բանտարկում կառավարության քննադատներին: Հունգերմանը, այսպիսով, ահազանգում է, որ Բաքվի՝ վեց միլիարդ արժեք ունեցող խաղերը սպառնում են քարոզչա-մարզական տոն դառնալ: Ըստ նրա՝ Եվրոպական խաղերը երկրի նախագահ Իլհամ Ալիևի համապարփակ, երկար տարիների կտրվածքով մշակված վարկանշային արշավի մի մասն են:

 

Հունգերմանը ներկայացնում է նաև թեմայի շուրջ Գերմանիայի սպորտային քաղաքականության մի քանի ներկայացուցիչների կարծիքները: Մասնավորապես, Գերմանիայի օլիմպիական սպորտային միության վարչության նախագահ Միխայել Վեսպերը լավ գիտի Ադրբեջանի քաղաքական դրությունը, մտահոգված է, սակայն կարծում է, որ սպորտը չի կարող փոխել հասարակական համակարգերը:

 

Հոդվածում նշվում է նաև, որ խաղերի բացման օրը Բունդեսթագն անդրադառնալու է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: Թեմայի շուրջ Կանաչների Դաշնային կառավարությանն ուղղված հարցումն ապրիլի 27-ից պատասխանի է սպասում: Ըստ խմբակցության՝ կառավարությունը փորձում է հարցման պատասխանը հետաձգել մինչև խաղերի ավարտ՝ դրանց վրա ստվեր չնետելու համար:

 

Նույն թեմային անդրադարձել է նաև գերմանական Deutschlandradio-ն: Հեղինակ Գյունթեր Հերքելը ներկայացրել է, որ Գերմանիայից 270 մարզիկ են մասնակցելու Բաքվի եվրոպական խաղերին: Քննադատների կարծիքով՝ խաղերն ամենից առաջ ռեպրեսիվ ռեժիմի քարոզչությանն են ծառայում: Հեղինակն այստեղ հիշեցրել է նույն նպատակին ծառայած«Եվրատեսիլ» երգի մրցույթը:

 

Հաղորդման ընթացքում ադրբեջանցի լրագրող Իլդակ Աբասովը, ով փախել է հայրենիքում իր դեմ հրահրված հետապնդումներից և ապաստան գտել Նորվեգիայում, ներկայացրել է, թե ինչ վատ վիճակում են Ադրբեջանում մամուլն ու խոսքի ազատությունը:

 

Ըստ տեղեկությունների՝ ԶԼՄ-ների ընտրված ներկայացուցիչներ շռայլ հրավերներ են ստացել Բաքվից: Neue Zürcher Zeitung-ի և tagesschau.de-ի համար Բաքու մեկնող ազատ լրագրող Սիլվիա Շթյոբերն ասում է՝ ես ոչ մի դեպքում հրավերներ չեմ ընդունելու: Նա զգուշացնում է իր գործընկերներին տուրք չտալ ադրբեջանական ռեժիմի «սիրենայի երգերին»:

 

Deutschlandfunk-ը ևս «Մի հանցագործ ռեժիմ» իր ռադիոհաղորդման ընթացքում պատմել է «աշխարհի ամենահակաժողովրդավարական երկրներից մեկում»՝ Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական խաղերի մասին: Հեղինակ Ռոբերտ Քեմփեն ևս հիշեցրել է Եվրատեսիլ 2012-ի ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիաները, որոնք Ալիևը դաժան կերպով լռեցրեց:

 

Ադրբեջանից փախած կառավարության քննադատ Էմին Միլին ասում է, որ Եվրոպական խաղերին ռեժիմն ավելի լուրջ է պատրաստվել:

 

Հեղինակ Քեմփեն պատմել է նաև Ալիևի ընտանիքի կարողության մասին, որը նավթի և գազի շնորհիվ է դիզել. «Իր խաղերի համար Ալիևը հոգում է բոլոր թիմերի ճամփորդության և կեցության հետ կապված ծախսերը»: