Հունվարի 24-ին Երուսաղեմի Հայոց պատրիարք ընտրված Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը թեև անցել է իր պարտականությունների կատարմանը, բայց ոչ իրավական տեսանկյունից, քանի որ դեռ Իսրայելի և Հորդանանի կառավարությունները նրան պատրիարքի ճանաչում չեն շնորհել: Պաշտոնապես Երուսաղեմի հայոց պատրիարքի տեղապահ շարունակում է մնալ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:
- Սրբազան, ի՞նչ նորություններ կան պատրիարքի ընտրություններից հետո:
- Ընտրություններից հետո հատուկ նորություն չկա, երեք կառավարություններին ներկայացրել ենք դիմումներ պատրիարքի ճանաչման համար և սպասում ենք: Այսօր Պաղեստինի կառավարության վարչապետի շնորհավորագիրը ստացանք, որով նա ճանաչում է պատրիարքի ընտրությունը, և հիմա մնում է՝ Իսրայելի և Հորդանանի կառավարությունները իրենց ճանաչումը շնորհեն: Այդ երկու կառավարություններն էլ հիմա խառը շրջանի մեջ են, որովհետև երկու շաբաթ առաջ նոր ընտրություններ տեղի ունեցան երկու երկրների մեջ էլ, և նոր կառավարություն չկարողացան կազմել, բայց սպասում ենք նրանց հաստատմանը:
- Սրբազան, ի՞նչ բարեփոխումներ են սպասվում, ի՞նչ խնդիրներ են առաջիկայում լուծում ստանալու:
- Ժողովը որոշեց կանոնադրության բարեփոխումների հանձնախումբ նշանակել, որի մեջ ես էլ կամ, և առաջիկա երեքից վեց ամիսների ընթացքում կանոնադրության բարեփոխումները պետք է մշակենք և ներկայացնենք միաբանական ժողովին:
Խնդիրները, որ կան, այլևս սովորական և բնականոն հարցեր են, որ կամաց-կամաց նորընտիր պատրիարքը և տնօրեն ժողովը պետք է նկատի առնեն և լուծումներ գտնեն: Հիմա լինելիքը Իսրայելի և Հորդանանի կառավարությունների ճանաչումը ստանալն է, որից հետո նորընտիր պատրիարքը իր ուխտը կկատարի գահակալության ժամանակ, և ես՝ որպես տեղապահ, այլևս իշխանությունը պաշտոնապես իրեն կփոխանցեմ:
- Պատրիարքի հաստատման ձգձգումը դրանո՞վ է պայմանավորված:
- Գործող կառավարություններն իրենց առօրյա գործերի կարգին ճանաչման գործողություններ կանեն:
- Այսինքն՝ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այս օրերին պատրիարքի պարտականություններ դեռ իրավունք չունի՞ կատարելու:
- Իրավական հարցերում ոչ, բայց եկեղեցական արարողությունների մեջ արդեն իր պատվո տեղն ունի որպես ընտրյալ պատրիարք և շնորհավորանքներ է ընդունում քույր եկեղեցիների և այլ պետական պաշտոնյաների կողմից:
- Սրբազան, արդյոք նոր կանոնագրքում պատրիարքի ընտրության հետ կապված փոփոխություններ կլինե՞ն. նկատի ունեմ պատրիարքի ինստիտուտը ոչ թե ցմահ, այլ հինգ տարին մեկ դարձնել:
- Այո, այդպիսի բարեփոխումներ նախատեսվում են, բայց քանի որ հիմա կանուխ է խոսել այդ մասին, դրա համար չեմ շտապում ասել, որ պաշտոնապես այդ բարեփոխումները պետք է ներկայացնենք առաջիկա ամիսների ընթացքում:
- Հիսուսի գերեզմանի փակման վտանգը ի՞նչ փուլում է, արդյոք փոփոխություններ կա՞ն:
- Այդ վտանգն այլևս չկա, քանի որ Իսրայելի կառավարությունը և Երուսաղեմի քաղաքապետարանը իրենց վրա վերցրին ջրի պարտքը մարելը՝ մոտ երեք միլիոն դոլարի պարտք մարեցին: Հետևաբար եկեղեցիները զերծ մնացին այդ պարտքը վճարելուց, բայց եկեղեցիները հանձն են առնում սրանից հետո մուծել օգտագործած ջրի համար:
- Արդյոք հետևո՞ւմ եք' ինչ է կատարվում այս օրերին Հայաստանում:
- Շատ ցավալի էր իմանալ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին: Պարույրին անձամբ ճանաչում եմ շուրջ քառասուն տարուց ավելի, նա ինձ մոտիկ անձնավորություն էր, և ուղղակի անակնկալ էր, որովհետև նա իսկապես հայրենասեր անձ է, որի ամբողջ կյանքը եղած է հայրենիքի անկախությունը և հայ ժողովրդի ազատությունը պաշտպանելը: Կզարմանամ՝ ով պետք է եղած լինի այս դավադրության հեղինակը: Հուսանք, որ իշխանությունները կհայտնաբերեն հանցագործին:
- Հայաստանի Միջազգային հեղինակությունը որքանո՞վ ընկավ:
- Իհարկե, սա ընտրությունների նախօրյակին կատարված մահափորձ է նախագահական մի թեկնածուի նկատմամբ, սա նպատակ ուներ անկայունություն առաջացնել հայրենիքի մեջ, սա անընդունելի է և վնասակար է մեր հայրենի պետության համար: