Երկու տարի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ ըստ մեղադրանքի Սամվել Դիլոյանի, Արեն և Արտակ Վերանյանների՝ խմբակային սպանության և խմբակային խուլիգանության հոդվածներով քրեական գործի դատավարությունն արդեն մոտենում է հանգուցալուծման: Դատաքննությամբ ապացուցվել է, որ հանգուցյալ փաստաբան Սամվել Շարբաթյանի հետ վիճաբանողը երեք մեղադրյալներից միայն Արտակ Վերանյանն է եղել, որն էլ, դեպքի հաջորդ օրը ներկայանալով իրավապահներին, խոստովանել է, որ ինքն է հարվածել տուժողին քաշքշուկի ընթացքում:

 

 

Այս հանգամանքը հաստատվել է և առաջին դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, և երրորդ՝ լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած՝ անկախ հանձնաժողովի կողմից՝ նախագահությամբ ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ (դատական բժշկության գիտագործնական կենտրոնի) բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ, բ.գ.թ, ԵՊԲՀ-ի դատական բժշկության ամբիոնի դոցենտ, 27 տարվա մասնագիտական փորձով Գ. Հարությունյանի, մասնակցությամբ ՀՀ գլխավոր նյարդավիրաբույժ, ԵՊԲՀ-ի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռ. Ֆանարջյանի և «Էրեբունի» բժշկական կենտրոն ԲԿ նյարդավիրաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Եղունյանի:

 

 

Դատաբժշկական հանձնաժողովը՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի նախագահությամբ, երկրորդ եզրակացությամբ բացառել էր մահվան առաջացումը մեկ հարվածից կամ մեկ ներգործությունից՝ նշելով, թե տուժողի մարմնի վրա հարվածները բազմակի են եղել՝ նման հետևության հանգելով բացառապես անորակ, ոչ մասնագետի կողմից արված և անհայտ ծագման լուսանկարներով, որոնք, անհասկանալի է ընդհանրապես, ինչպես են հայտնվել փորձագետների մոտ: Այժմ էլ գլխավոր դատախազության ապօրինի միջամտությամբ, դատարանի նկատմամբ ակնհայտ ճնշման արդյունքում երրորդ փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկված Արգամ Հովսեփյանի երկու ենթակաները (չնայած այդ գործողությունների դեմ պաշտպանական կողմի առարկությանը, որ մեղադրանքի կողմն ամեն գնով ջանում է նշված ՊՈԱԿ-ից փորձագետ «խցկել» հանձնաժողովի կազմում, որ կարողանա «պահել» իր նախկին եզրակացությունը, և որ նշված ՊՈԱԿ-ից որևէ մասնագետ չի կարող որպես անկախ փորձագետ մասնակցել փորձաքննությանը, քանի որ այդ կազմակերպության անմիջական ղեկավարն այս գործով արդեն կազմել է մեկ անհիմն, չպատճառաբանված և կեղծ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն), վերահաստատել են իրենց ղեկավարի կարծիքը՝ անհայտ ծագման լուսանկարների հիման վրա տրված եզրակացությունը՝ դատարան ուղարկելով հերթական անօրինական փաստաղթուղթը:

 

 

Դատախազության ճնշման արդյունքում լրացուցիչ փորձաքննության հանձնաժողովի կազմում ընդգրկված՝ նշված ՊՈԱԿ-ի երկու փորձագետները բնականաբար չէին էլ ստորագրի անկախ հանձնաժողովի եզրակացությունը, որը, բացի այն, որ հաստատում է մեկ հարվածից մահվան առաջացման պատճառը՝ հերքելով Արգամ Հովսեփյանի՝ հարվածների բազմակիության վարկածը, այլև ընդհանրապես բացառում է լուսանկարներով փորձաքննություն իրականացնելու՝ նրանց ղեկավարի կիրառած մեթոդը:

 

 

Սակայն անկախ հանձնաժողովի եզրակացությունը չստորագրելով հանդերձ՝ նշված ՊՈԱԿ-ի փորձագետները, այդ նույն եզրակացության մեջ զետեղելով մեկ այլ՝ իրենց ղեկավարի նախկին տեսակետը վերահաստատող գրություն, դարձյալ ապօրինության են դիմել: Ինչպես պաշտպանական կողմը նշեց դատարանում, գործն ուղարկելով փորձաքննության՝ դատարանը չէր ակնկալում ստանալ մեկ եզրակացության տեսքով ներկայացված՝ երկու տարբեր հանձնաժողովների երկու տարբեր գրություններ: Իսկ եթե իրենց առանձին ենթահանձնաժողով հռչակած ՊՈԱԿ-ի փորձագետները տարաձայնություններ ունեին անկախ հանձնաժողովի հետ, օրենքով սահմանված կարգով պետք է առանձին եզրակացություն կազմեին՝ ընդգրկելով բոլոր կամ տարաձայնություն առաջացրած հարցերը: Մինչդեռ Արգամ Հովսեփյանի անփորձ կամ քիչ փորձով փորձագետները ոչ թե առանձին եզրակացություն են կազմել Քրդատօրի համապատասխան հոդվածի կատեգորիկ պահանջով նախատեսված՝ նախազգուշացմամբ, փորձաքննության սկիզբն ու ավարտը նշող, այլ կես էջ ներածական և հետազոտական մասով իրենց ղեկավարի նախկին տեսակետն են զետեղել անկախ հանձնաժողովի եզրակացության մեջ: Այսինքն՝ փաստացի երկու հանձնաժողով մեկ եզրակացություն են կազմել, ինչի իրավունքը չունեին:

 

 

Պաշտպանական կողմը դատարանին խնդրեց հետագայում նժարի վրա դնել և նկատի ունենալ նաև, թե ովքեր են անկախ հանձնաժողովի անդամները, և ովքեր՝ նշված ՊՈԱԿ-ի աշխատակիցները: Ուշադրություն հրավիրվեց Արգամ Հովսեփյանի ենթակաների՝ օրենքով պահանջվող ձեռնահասության՝ այն է՝ փորձաքննության առարկային վերաբերող առաջադրված հարցերը լուծելու ունակության վրա, ինչն էլ որոշվում է կրթության և մասնագիտական պատրաստվածության մակարդակով, ինչպես նաև հետազոտությունների տվյալ բանագավառում աշխատանքի փորձով: Արգամ Հովսեփյանի ենթակաները՝ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» փորձագետներ Ս. Օլեյանը 4 տարվա մասնագիտական փորձ ունի, Կ. Մխիթարյանը՝ 5 տարվա, այսինքն՝ դատաբժշկական փորձաքննություն են կատարում ոչ փորձ, ոչ էլ որևէ գիտական աստիճան չունեցող երիտասարդները:

 

 

Արգամ Հովսեփյանի ու նրա ենթակաների և ընդհանրապես ՊՈԱԿ-ի տված եզրակացություններին անդրադարձավ ամբաստանյալ Սամվել Դիլոյանը. «Մենք կարծում ենք և նախորդ անգամ էլ կարծել ենք, որ Արգամ Հովսեփյանի տված եզրակացությունը հանցագործություն է: Եվ մեր մտահոգությունը բարձրաձայնել ենք դրա հետ կապված, որ իր ենթականերն անկախ կարծիք չեն կարող ունենալ, որովհետև արդեն իր ենթականերն են: Անկախ կարծիք, անկախ հանձնաժողով նշանակում է, որ կախվածություն չպետք է ունենա նախորդած, և որի վերաբերյալ կարծիք ենք հայտնել, կազմողների հետ: Բայց նրանք ոչ միայն կախվածություն ունեն, այլև անմիջական անմիջական ենթակայության մեջ են գտնվում, որոնք որ հրամաններ պետք է կատարեն: Հրաման կատարող անձին ասում են՝ քեզ հրաման տվողից անկախ: Իսկ ենթական և անկախը արդեն հականիշներ են: Այս կեղծ փորձագետներն անհայտ ծագման լուսանկարների հիման վրա տվել են փորձաքննություն, որը որ բոլոր՝ և նորմատիվ, և իրավական ակտերով, և օրենքով հակասում է, հնարավոր չէ, չի կարելի: Շրջանակների ընդլայնում տեղի ունեցավ, այս երկուսը ևս արդեն ավելանում են նախորդ նիստերի ժամանակ մեր հնչեցրած հայտարարություններին, որ Արգամ Հովսեփյանը և իր ենթակաները խմբակային կերպով, կազմակերպված հանցագործություն են իրագործել, որոնց խմբի կազմում են նաև որոշ ոստիկաններ, ուզում ենք տեսնել նաև՝ դատախազներ նույնպե՞ս կան, թե՞ ոչ, որովհետև կարծում եմ՝ այս քրեական գործը վավերացնող և դատարան ուղարկող դատախազը անմիջական պատասխանատվություն է կրում այս ամենի համար»: