Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 103 պատգամավոր:

 

Օրենքի նախագծով ՀՀ կառավարությունը սահմանելու է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքն արտերկրում բուժման, ինչպես նաեւ ճանապարհածախսի եւ կեցության համար գումար հատկացնելու կարգը եւ պայմանները՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում: Ըստ անհրաժեշտության՝ կհատուցվեն նաեւ զինվորին ուղեկցող անձի ճանապարհի եւ կեցության ծախսերը: Օրենքը տարածվելու է այն զինծառայողների վրա, ովքեր վնասվածք կամ խեղում կստանան մարտական հերթապահության ժամանակ կամ առաջնագծում:

 

Պատգամավորների մեծամասնության առաջարկով օրինագծի նախնական տարբերակում հեղինակների կողմից փոփոխություն է մտցվել, որի համաձայն' օրենքը հետադարձ ուժ է ստացել: Օրինագծի հեղինակներն են ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: