Ինչպես արդեն գիտենք, հունիսի 19-ից Ազատության հրապարակում սկսվեց եռօրյա նստացույց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Որոշմանը դեմ դուրս եկած քաղաքացիները նախատեսում են այսօր՝ ժամը 19:00-ին շարժվել Բաղրամյան 26 և հենց նախագահական նստավայրի մոտ իրենց պահանջը ներկայացնել:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության ակտիվ մասնակից, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը նկատեց, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանական ավտոմեքենաները, տեխնիկան, փշալարերը, հուշում են ոստիկանության ղեկավարության վերաբերմունքը, բայց իրենց երթը խաղաղ է լինելու, որևէ բռնի գործողություն անգամ չեն էլ մտածել և իմաստ չեն տեսնում իրականացնել:
«Մենք մեր պահանջի հետևից ենք գնում և փորձելու ենք կանխել պրովոկացիաները: Բախումն իրենց կողմից չեմ բացառում, բայց մեր վերաբերմունքը լինելու է չեզոք, չենք տրվելու պրովոկացիաներին»,- ասաց Արմեն Մկրտչյանը:
Մեր այն հարցին՝ արդյոք իրենց մենակ չե՞ն զգում առանց խորհրդարանական ուժերի, Արմեն Մկրտչյանը պատասխանեց. «Ընդհակառակը, ավելի կառուցողական է: Այստեղ թարմ ուժեր են, այստեղ նոր սերունդն է, ինչն էլ, իմ կարծիքով, շարժման հաջողություններից մեկն է, որովհետև մարդիկ գալիս են, նոր դեմքեր են տեսնում, նոր խոսքեր են լսում, և դա բավական արդյունավետ է»: