Հայաստանում է ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Սալիբյանը, ով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ կրծքագեղձի վերականգնման և վիրահատության մեթոդի մանրամասները:

 


Արթուր Սալիբյանը շուրջ երկու տարի է, ինչ հայ մասնագետների հետ մեր երկրում առաջինն է կատարում վիրահատության այս տեսակը: Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանի տեղեկացմամբ' կրծքագեղծի պահպանման վիրահատության ընթացքում կատարվում է կրծքագեղձի բուն գեղձային հյուսվածքի հեռացում և մաշկի տակ պրոթեզի տեղադրում, որի արդյունքում պահպանվում է կրծքագեղձի մաշկը և պտուկը:

 

 

«Այս վիրահատության առանձնահատկությունն այն է, որ վիրահատության ընթացքում միաժամանակ երկու մասնագետ' ուռուցքաբան և պլաստիկ վիրաբույժ են աշխատում' ստանալով նախընտրելի արդյունք»,- նշեց մասնագետը:

 

 

Կրծքագեղձի այս վիրահատությունը շուրջ երկու տարի պարբերաբար իրականացվել է «Քանաքեռ Զեյթուն» և Հայ-ամերիկյան առողջության կենտրոններում:

 

 

«Երկու տարի է, ինչ առաջին քայլերն հաջողությամբ են ընթանում, հույս ունեմ, որ մի քանի տարի անց ծրագիրն արդեն ներդրված կլինի Հայաստանում»,- ասաց Արթուր Սալիբյանը' ընդգծելով, որ վիրահատության արդյունքները թե էսթետիկական, թե ուռուցքաբանական տեսանկյունից շատ ավելի նախընտրելի են:

 


Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն մշակվող ծրագրի իրականացման և մեր երկրում լայնորեն կիրառման համար ստեղծել աշխատանքային խումբ, կկազմակերպվեն նաև մասնագետների փոխայցեր: