Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թաքցնում է իրականությունը զորամասը լքած եւ դեպի հայկական կողմն անցնելու ժամանակ միջդիրքային հատվածում հնարավոր ականային վիրավորում ստացած զինծառայողների մասին: Այդ երկրի բարձրագույն ղեկավարությունը չի կարող տեղյակ չլինել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը երաշխիքներ ստանալու նպատակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որ միջդիրքային հատվածից դուրս բերի երկու զինծռայողի մարմինները: Բնակչությունը, սակայն, դրա մասին տեղյակ չէ եւ անհանգստացած է, որ մինչ այժմ անհայտ է մնում ադրբեջանական բանակի երկու կրտսեր սերժանտների ճակատագիրը, որոնք պայմանագրային հիմունքներով զինծառայություն էին անցնում Գազախի շրջանում զորքերի շփման գծում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հունիսի 23-ին հայտնել էր, որ ենթադրաբար, կրտսեր սերժանտներ Մուսա Մուսաեւը եւ Թ ուրալ Յոլչիեւը մոլորվելու հետեւանքով անցել են հայկական կողմը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով virtualaz.org կայքը, արդեն մի քանի օր է, Ադրբեջանի ՊՆ-ը ԶԼՄ-ների հարցումներին անորոշ պատասխանում է, որ շարունունակում է կորած զինծառայողների որոնումները, եւ որ նոր բան չկա:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության դիրքը, որը հրաժարվում է հստակ պատասխան տալ կորած սերժանտների ճակատագրի մասին, սաստկացնում է կորած զինծառայողների շուրջ իրավիճակը», -գրել է կայքը:
Կայքը հիշեցրել է, որ դա հերթական միջադեպն է այն բանակային կորպուսում, որի հրամանատարը գեներալ Ռովշան Աքպերովն է: Վերջերս հաղորդվել էր այն մասին, որ այդ կորպուսի երկու զինծառայողներ ինքնասպանություն են գործել: Ադրբեջանի ՊՆ-ը այն ժամանակ եւս հրաժարվել էր մեկնաբանել այդ տեղեկություները:
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է Ադրբեջանի ՊՆ լուրն այն մասին, որ ադրբեջանցի զինվորներն անցել են հայկական տարածք, դրա հետ միասին չբացառելով, որ հնարավոր է' նրանք պայթել են ականի վրա:
«Չենք բացառում, որ ադրբեջանցի զինծառայողները կարող էին մոլորվել, ինչը հետեւում է Հայաստանի պաշտպանության նախարարություն ուղարկած Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի միջնորդագրից: Հունիսի 23-ին ժամը 15-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը երաշխիքներ ստանալու նպատակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի Ռավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ մերձդիրքային հատվածից դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: ՀՀ ՊՆ կողմից երաշխիքներ տրվել են անմիջապես, իսկ գործընթացները նման դեպքում ադրբեջանական կողմին հայտնի են»«, -գրել է ՀՀ ՊՆ մմաուլի քարտուղարը: