Աթենքում հասարակական տրանսպորտը «բանկերի արձակուրդի» կապակցությամբ մինչև հուլիսի 6-ն աշխատելու է անվճար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկրի ենթակառուցվածքի, տրանսպորտի և ցանցերի նախարար Խրիստոս Սպիրտզիսը հայտարարել է Mega հեռուստաալիքի եթերում:

 

 

Հունիսի 28-ին կառավարությունը «Հունաստանի ֆինանսավարկային համակարգը պաշտպանելու նպատակով» հայտարարել է, որ բանկերը վեց օր չեն աշխատելու: Բանկոմատներում փողի տրամադրումը սահմանափակվել է, որպեսզի թույլ չտրվի կանխիկ գումարի արտահոսք:

 

 

«Երեկ մենք որոշել ենք «բանկային արձակուրդների» ժամանակ հնարավորինս դյուրացնել քաղաքացիների կյանքը: Դրա համար շատ միջոցներ կձեռնարկվեն, որոնցից մեկը այսօր կամ վաղը այդ հարցի օրենսդրական կարգավորումից հետո կդառնա անվճար հասարակական տրանսպորտն Աթենքում»,- ասել է նախարարը:

 

 

Այդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ չկա օրենսդրական փաստաթուղթ, բայց, նախարարի խոսքով, կսկսի աշխատել «օրվա մեջ կամ, ամենաուշը, վաղը»:

 

 

Անվճար երթևեկելու հնարավորություն կընձեռվի քաղաքային ավտոբուսներով, տրոլեյբուսներով և մետրոյով, բայց ոչ մերձքաղաքային գնացքներով: Բացի այդ, հարկ կլինի վճարել KTEL ավտոբուսներով ուղևորությունների համար, որոնք հիմնականում մերձքաղաքային և միջքաղաքային փոխադրումներ են իրականացնում:

 

 

Որոշումը չի վերաբերի Սալոնիկին և մյուս այն քաղաքներին, որտեղ ուղևորների փոխադրումներն իրականացվում են մասնավոր ընկերությունների կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: