«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը հստակեցրել է, թե ում է անվանել սադրիչ Բաղրամյան պողոտան լքելուց առաջ: Հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Բաղրամյան պողոտան լքելուց առաջ ինքը հայտարարել է, որ Բաղրամյան պողոտայում մնացողները սադրիչներ են, Շուշանյանն ընդգծեց, որ նկատի է ունեցել այն մարդկանց, ով քեր խանգարել են և չեն թողել, որպեսզի ժողովրդի համար հասկանալի լինի հարթակից իր ելույթը:

 

«Ես սադրիչ ասելով՝ նկատի չեմ ունեցել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այդ պահին որոշեցին մնալ Բաղրամյան պողոտայում: Երբ ես հայտարարությունն էի ընթերցում, դիմացի շարքում կային մարդիկ, ովքեր անընդհատ աղմկում էին, խանգարում էին և չէին թողնում, որ իմ խոսքը հասանելի դառնա մարդկանց: Ես նրանց եմ անվանել սադրիչ՝ Բաղրամյան պողոտան լքելուց առաջ»,- ասաց Շուշանյանը:

 

Նա նաև ընդգծեց, որ ինքը շատ զգացմունքային բնավորություն ունի և կարող է նաև զգացմունքային հայտարարություններ անել՝ կախված իրավիճակից: Վաղինակ Շուշանյանը ևս պնդեց համակարգող խմբի մյուս անդամների այն մոտեցումը, որ իրենց մոտ որևէ պառակտում չկա: «Բաղրամյան պողոտայում մնացածներն էլ մեր ընկերներն են, մենք միանալու ենք նրանց: Հարթակը գրավելու խնդիր չենք դրել, սակայն մենք լինելու ենք այնտեղ կանգնածների կողքին»,- ընդգծեց Շուշանյանը: