ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսով քննարկել է Հունաստանում կայացած հանրաքվեի արդյունքները, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղակացնում է «Արմենպրես»-ը:
«Կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Քննարկվել են Հունաստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, այդ թվում՝ եվրոգոտու իրադրության հետագա զարգացման տեսակետով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հունաստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների վերաբերյալ հուլիսի 6-ին կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցը կայացել է հունական կողմի նախաձեռնությամբ: Երկու երկրների ղեկավարները նաև քննարկել են «ռուս-հունական համագործակցության հետագա զարգացման որոշ հարցեր»:
«Վլադիմիր Պուտինը Հունաստանի ժողովրդին աջակցություն է հայտնել երկրի հանդեպ ծառացած դժվարությունների հաղթահարման գործում»,- հաղորդել է Կրեմլը: