Վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գների աճ է նկատվում: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: «Մասնավորապես, բենզինի գինն աճել է 1.9 տոկոսով, դիզվառելիքի գնի աճը կազմում է 1.8 տոկոս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարտիրոսյանը:
Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին՝ ճի՞շտ են տվյալներն այն մասին, որ վերջին մեկ տարվա ընթացքում պարենի համաշխարհային գները նվազել են 20.7 անգամ, իսկ Հայաստանում դրանք 10 անգամ աճել են՝ Մարտիրոսյան ընդգծեց, որ դրանք ՀՀ ԱՎԾ տվյալները չեն: Նա հստակեցրեց, որ Հայաստանի ԱՎԾ-ն համաշխարհային գների հետ համադրելիություն ունի միայն 2011թ. համար, իսկ հետագա տարիների համար տվյալները կլինեն միայն մի քանի տարի հետո: