Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ողջույնի խոսքում Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում Ռուսաստանի հետ փոխգործակցության ամրապնդման համար: «Բացի ջերմ և բարեկամական հարաբերություններից, ընթացիկ տարվա հունվարի մեկից մենք համագործակցում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում, ինչը մեզ համար շատ կարևոր է»,- նշել է ՀՀ վարչապետը:
Իր հերթին, Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: «Ընդհանուր առմամբ, կցանկանայի լսել Ձեր կարծիքը, թե ինչպես են իրադարձությունները զարգանում Ձեր երկրում, քանի որ վերջին ժամանակները եղել են բավականին թեժ: Մենք ուշադրությամբ հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, քանի որ դուք մեր հարևանն եք, դաշնակիցը, մոտ պետություն, և մենք, իհարկե, անտարբեր չենք բարեկամական երկրում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ»,- նշել է ՌԴ վարչապետը:
Միաժամանակ, Մեդվեդևն ավելացրել է, որ հաշվի առնելով նախորդ պայմանավորվածությունները, ինքը և Հայաստանի վարչապետը կքննարկեն ռուս-հայկական համագործակցությունը, ինչպես նաև որոշ խնդիրներ, որոնք առկա են տնտեսության ոլորտում, և այն առաջարկները, որոնք ներկայացրել է հայկական կողմը: Մեդվեդևի խոսքով, բանակցությունների թեմա են լինելու նաև էներգետիկայի բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերը:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ում: