Ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում հաստատել է իր ընտանիքի՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելը: Ալյոնա Ստերլիգովայի խոսքով՝ այդ հանրապետությունը պահպանել է բարոյական արժեքները, իսկ բնակչությունը խոսում է ռուսերեն:

 

«Ուրիշ էլ ո՞ւր կարող էր Գերմանը մեզ տանել մեր հայացքներով և սովորույթներով: Եվրոպա՞, ուր այլասերություն է տիրում, Վրաստա՞ն, ուր արդեն գեյ շքերթներ են ընթանում»,- հայտարարել է Ստերլիգովան՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում բոլոր տեղաբնակները աշխատում են իրենց օգնել:

 

Ստերլիգովի կինը պատմել է, որ իր ամուսինը հանկարծակի է կայացրել իրենց տեղափոխվելու որոշումը, երբ նրանք Բելառուսում էին գտնվում: Ընդ որում, նա դժվարանում է նշել Ռուսաստանից հեռանալու պատճառները: «Ինձ միայն ասացին, որ այս պահին դեռևս չի կարելի Ռուսաստան վերադառնալ»,- ասել է նա:

 

Միևնույն ժամանակ Ստերլիգովան հերքել է այն տեղեկությունները, թե տեղափոխության պատճառը կարող էին լինել ազգայնականների հետ իր ամուսնու ունեցած կապերը: «Եթե մեզ մոտ ապրել են ինչ-որ մարդիկ, ապա դրանք բացառապես ուղղափառներ են եղել: Ուրիշ մարդկանց Գերմանը չի ընդունել: Իսկ մարդու ուղղափառ լինելը որոշվում է բացառապես նրա հավատով և մորուքի առկայությամբ»,- ասել է Ալյոնա Ստերլիգովան: