Հայտնի «օրենքով գող» Ռովշան Ջանիեւը, ում կասկածում են Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանության մեջ, կենդանի է եւ գտնվում է Դուբայում ու անմենեւին էլ սպանված չէ: «Ես ամեն օր հեռախոսով խոսում եմ նրա հետ, վերջին անգամ խոսել ենք այսօր: Չգիտեմ, ով է նման տեղեկատվություն տարածում եւ ում է դա ձեռնտու: Դա սուտ է»,-ասել է Ռովշանի հարզատ եղբայրը' Նամիկ Ջանիեւը, հաղորդում է «Ukranews.com»-ը:

Միաժամանակ, «Life News»-ը, վկայակոչելով Ռուսաստանի հատուկ ծառայության աղբյուրներին, հայտնել էր, որ Ռովշան Ջանիեւը մի քանի օր առաջ սպանվել է Ստամբուլում: Հաղորդվել էր, թե քիլերը կրակել է նրա վրա եւ փետրվարի 5 –ին նա մահացել է Ստամբուլի կլինիկաներից մեկում:

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մերձմոսկվայում 37-ամյա «օրենքով գող» Ջեմալ Միքելաձեին' Ջեմոյին ձերբակալելուց հետո գրեթե միաժամանակ Ռուսաստանում եւ Թուրքիայում մահափորձեր էին կատարվել նրա մերձավոր զինակիցների' Ռովշան Ջանիեւի, ով հայտնի է Լենքորանսկի մականունով եւ Ահմեդ Եվլոեւի նկատմամբ: