Չեխիայի իրավապահ մարմինները ձերբակալել են թմրամիջոցների մաքսանենգության մեջ ներգրավված հանցավոր օղակի անդամների, ովքեր Թուրքիայի և Հայաստանի տարածքով իրանական թմրամիջոցներ են տեղափոխել Ճապոնիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Prague Post պարբերականը, հանցագործությունը հնարավոր է եղել բացահայտել Չեխիայի, Սլովակիայի, Հայաստանի, Թուրքիայի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների, ինչպես նաև Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) և Քրեական ոստիկանության եվրոպական կազմակերպության (Եվրոպոլ) սերտ համագործակցության շնորհիվ:

 

 

«Օձ» (Snake) կոչվող գործողության արդյունքում, որը տևել է երեք ամիս, հաջողվել է կալանավորել երեք անձի Չեխիայում և ևս մեկին՝ Սլովակիայում: Հանցագործները փորձել են մետամֆետամին տեղափոխել Ճապոնիա: Ինչպես հաղորդում է չեխական պարբերականը, թմրամիջոցը ձեռք է բերվել Իրանից, որտեղ մեկ գրամ մետամֆետամինը վաճառվում է 200 կրոնին համարժեք գնով: Ճապոնիայում նույն խմբաքանակը մոտավորապես արժե մոտ 19 հազար կրոնին համարժեք գումար:

 

 

Թմրամիջոց տեղափոխող անձինք ճանապարհորդել են խառը զույգերով՝ որպես ամուսիններ կամ ազգականներ, ինչն ավելի է բարդացրել նրանց հայտնաբերումը: Նրանք Վիեննայից կամ Պրահայից ինքնաթիռով թռել են Թուրքիա կամ Հայաստան, որտեղ ձեռք են բերել հատուկ ձևափոխված ճամպրուկներ, որտեղ հնարավոր է եղել պահել 1 կգ մետամֆետամին: Այնուհետև նրանք Աբու Դաբիի կամ Դուբայի տարանցիկ թռիչքով թռել են Տոկիո:

 

 

Մաքսանենգներն իրենց ծառայությունների համար ստացել են 100 հազար կրոն՝ գումարած ճանապարհածախսը: Դրանք հիմնականում եղել են Չեխիայի քաղաքացիներ: