Թուրքիայի հայկական եկեղեցու սարկավագ Մուրատը կդառնա Սոնա և Մարինե Քոչարյանների նոր վավերագրական ֆիլմի հերոսը: Ռեժիսորների «Մուրատ» կինոնախագիծն այս տարվա Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի երևանյան աշխատաժողովի հաղթող է ճանաչվել:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարինե Քոչարյանը տեղեկացրեց, որ իրենց համատեղ առաջին «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» վավերագրական ֆիլմից հետո միասնական աշխատանքը շարունակելու նպատակ ունեին:

 

«Տեսանք հայ-թուրքական կինոպլատֆորմի հայտարարությունը, և ես հիշեցի, որ ծանոթացել եմ մի տղայի հետ, ով ինձ ի սկզբանե հետաքրքիր էր թվացել որպես կերպար: Անունը Մուրատ է, նա սարկավագ է Թուրքիայում հայկական եկեղեցում, և երկակի կյանք է վարում: Նրա բազմաթիվ ընկերները չգիտեն, որ նա հայ է, մյուս կողմից՝ սարկավագ է: Նաև երազանք ունի՝ գալ Հայաստան: Նրա մոտակա այցելությունն այս մեկ տարվա ընթացքում պետք է լինի, և եթե ֆիլմն էլ նկարահանելու ենք մեկ տարվա ընթացքում, նրա ճամփորդությունն էլ կնկարահանենք, վավերագրական ֆիլմ կստանանք: Մեր հերոսին հետևելու ենք ողջ ընթացքում, ներկայացնելու ենք նրա առօրյան, ճամփորդություններն, այն, ինչ կպատահի»,- նշեց Մարինե Քոչարյանը:

 

Ռեժիսորի խոսքով՝ ինչպես բոլոր հայերը, որոնք ապրում են Թուրքիայում, իրենց հերոսն էլ ունի ինքնության հետ կապված խնդիր, բազում վախեր: «Շատ տաղանդավոր տղա է, մենք մտադիր ենք ֆիլմում օգտագործել անիմացիաներ ստեղծելու և նկարելու նրա տաղանդը: Մեզ համար անակնկալ էր, որ մենք մրցանակի արժանացանք, եթե կարողանանք մեր մտադրություններն իրագործել, հիանալի կլինի»,-նշեց նա:

 

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շնորհիվ ռեժիսորները 5000 ԱՄՆ դոլար գումար են ստացել:

«Ցանկություն ունենք մեր նախորդ ֆիլմին ընդհանրապես չնմանվել, չենք ցանկանում, որ կրկնվի և մարդիկ հին ֆիլմ տեսնեն: Թեև էլի ճանապարհորդություն կա, հերոս, ով ուզում է ճանապարհորդել, հասնել ինչ-որ տեղ' ուրիշ ոճի մեջ ենք ցանկանում անել: Ըստ ծրագրի պահանջների՝ մեկ տարվա ընթացքում գոնե նկարահանումները պետք է ավարտված լինեն: Մենք որոշեցինք, որ օգոստոսին Ստամբուլ ենք գնում՝ նախնական նկարահանումների, ուսումնասիրությունների, հերոսի հետ ծանոթանալու, ընտելանալու համար: Ունենալու ենք թուրք պրոդյուսեր»,- տեղեկացրեց Մարինե Քոչարյանը:

 

Սոնա և Մարինե Քոչարյանները քույրեր չեն: «Ունենք ընդհանուր ընկեր, նրա միջոցով ենք ծանոթացել: Ուղղակի ունենք նույն ազգանունը, մեր մայրիկների անունն էլ նույնն է»,- նշեց Մարինե Քոչարյանը:

 

Երիտասարդ ռեժիսորների վերջին աշխատանքը՝ «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» վավերագրական ֆիլմը, մի շարք փառատոնների մասնակցելու հրավերներ է ստացել: Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում ընդգրկված կինոնկարն արծարծում է սահմանների հարցը, բարձրացնում է խնդիրներ, որոնք առնչվում են սահմաններին:

 

Այս տարի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի աշխատաժողովն անցկացվեց Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի շրջանակում: Աշխատաժողովին ընտրվել էին 10 նախագծեր՝ հինգը Հայաստանից, հինգը Թուրքիայից: Հաղթող է ճանաչվել նաև թուրք ռեժիսոր Սենեմ Գյոքչեի «Ք’աՐ» պարային կարճամետրաժ ֆիլմը:

 

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին' «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Կուլտուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 17 կինոնախագիծ' Հայաստանից և Թուրքիայից: