Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խմբի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնի համար առաջարկ չեն ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանում կայացած ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողի հարցին՝ ասացին մասնագետները: Վարդան Պողոսյանն ասաց, որ նման առաջարկի դեպքում իր պատասխանը կլինի բացասական: Թե առաջարկի դեպքում ի՞նչ դիրքորոշում կունենա Հրայր Թովմասյանը, ով նախկինում ղեկավարել է այդ կառույցը, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խմբի անդամն ասաց, որ «Կիկոսի մահով սկսվող հեքիաթը չի սիրում և «եթե»-ներով հարցերին չի պատասխանում»:
ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ազատվել էր աշխատանքից հուլիսի 14-ին: Նա ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնել էր 2014թ. ապրիլի 30-ին: Մինչ այդ նա Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր, իսկ դրանից առաջ զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը: